ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ 2023 թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության կարգախմբերից մեկին անհրաժեշտ է օգնություն։
«Կանչով նշված հասցե մեկնած պարեկները տեղում նկատել են ավտովթարի հետևանքով հավաքված մարդկանց խումբ, որոնցից մի քանիսը դրսևորել են ոչ ադեկվատ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ինչպես տեղում հավաքված քաղաքացիների, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ: Դեպքի վայրից Ոստիկանության բաժին են տեղափոխվել մի կին և 2 տղամարդ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է նշված երեք անձանց ինքնությունը։ Վերջիններս Կոտայքի մարզի Քանաքեռավանի բնակիչներ են՝ երկու եղբայր և քույր։ Հանցավոր արարքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա նրանք ձերբակալվել են։
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ գտնվելով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում իրենց ազգականի կողմից տեղի ունեցած ինքնավթարի դեպքի վայրում և տեսնելով ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին, հիշյալ եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածել են շտապօգնության ավտոմեքենային, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, տևական ժամանակ խախտել են մարդկանց անդորրը, խաթարել երթևեկության բնականոն ընթացքը: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող գործողությունները դադարեցնելու օրինական պահանջ են ներկայացրել, սակայն եղբայրները և քույրը, ոստիկանության ծառայողների նկատմամբ արհամարհական և կոպիտ վերաբերմունք դրսևորելով, չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին, որի ընթացքում, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝ հարվածելով վերջիններիս դեմքին, գլխին և ձեռքին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երկու տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: