ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ քննություն է իրականացվում՝ պարզելու Աբովյան քաղաքում 2 անչափահասների դանակահարության, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները:
«Այսպես, 2023 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:24-ին, «Աբովյան» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել երկու երիտասարդներ՝ կտրած-ծակած վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քրեական վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 16-ամյա տղաները հիշյալ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Մասնավորապես պարզվել է, որ անձնական հարցեր պարզաբանելու նպատակով մի խումբ անձինք՝ 16-ամյա Վ.Ս.-ն ինքնությունները պարզված 3 անչափասների, 16-ամյա Ա.Մ.-ն և Ա.Հ.-ն ինքությունը պարզված ևս մեկ անչափահասի և ինքնությունները դեռևս չպարզված 3 այլ անձանց հետ գնացել են Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտակայք։ Այնտեղ ծագած վիճաբանության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում էլ Վ.Ս.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածնել է հասցրել Ա.Մ.-ին և Ա.Հ.-ին՝ վերջիններիս առողջությանը պառճառելով ծանր վնաս:
Տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 14:30-ին, Վ.Ս.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։
Ձեռք բերված փաստերի հիման վրա 16-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (երկու դրվագ) նախատեսված հանցանք կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերևույթ խուլիգանություն կատարած անձանց բոլորի ինքնությունը պարզելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու, մարմնական վնասվածքները հասցնելու բոլոր հանգամանքները համակողմանի և անաչառ քննությամբ պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: