ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված միջոցների, այսինքն՝ տրանսֆերտների ծավալը ևս աճել է, հունվար-օգոստոս ամիսներին այն կազմել է 2,7 միլիարդ դոլար, աճը՝ 42 տոկոս: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով մի շարք ցուցանիշներ:
2023-ի հունվար-օգոստոսին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 4,3 միլիարդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 55,8 տոկոսով, այդ թվում՝ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 8 ամիսներին կազմել է 4 միլիարդ 160 միլիոն դոլար, աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 56,3 տոկոս:
Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին կազմել է 136,6 միլիոն դոլար, նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 27,1 տոկոս:
Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին աճել է 87,2 տոկոսով և կազմել 49,8 միլիոն դոլար:
Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը աճել է 5 անգամ և կազմել է 14,6 միլիոն դոլար:
Ներդրումների մասով ԵԱՏՄ երկրներից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 305 միլիոն դոլար:
«ՌԴ-ից, օրինակ, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 միլիոն դոլար, բայց պետք է նշեմ, որ առաջին անգամ մեր պատմության մեջ ՀՀ-ում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը կազմել է Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուսաստանն այժմ երկրորդ տեղում է»,- ասաց Քերոբյանը:
2022-ին ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե գանձվել է 314,9 միլիոն դոլար, իսկ ստացվել է 135,8 միլիոն դոլար, բացասական սալդոն կազմել է մոտ 180 միլիոն ԱՄՆ դոլար: Մինչդեռ 2023-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի գանձվել է 375,1 միլիոն դոլար, ստացվել է 136,5 միլիոն դոլար, բացասական սալդոն 9 ամիսների համար կազմել է 238,6 միլիոն դոլար:
Վահան Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ առևտրաշրջանառության արտոնյալ ռեժիմներ սահմանելու մասով Հայաստանը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ. դրանք են Իրանը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Ինդոնեզիան: