2023-ի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից ԵՄ է արտահանվել 488 միլիոն դոլարի ապրանք: Այդ ապրանքների թվում սննդամթերքն է, տեքստիլ ապրանքները, արդյունաբերական որոշ ապրանքներ, օրինակ՝ ալյումինի փայլաթիթեղ (ֆոլգա), նաև հանքաքար ու գինի: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մեր արտահանման կառուցվածքով չի կարելի հպարտանալ կամ ուրախ լինել: Բնականաբար, աշխատանքը, որը մենք անում ենք որակի ենթակառուցվածքների ամրապնդման ուղղությամբ կամ զարգացման ուղղությամբ, վերջնական նպատակն արտահանման դիվերսիֆիկացիան է կամ արտահանման բաղադրության ընդլայնումն այն ապրանքների, որոնք արտահանվում են ԵՄ երկրներ»,- ասաց Քերոբյանը և հավելեց, որ նպատակ կա տեղական արտադրողների նկատմամբ խիստ պահանջների պարագայում անգամ ընկերություններն ավելի մրցունակ և բարձրարտադրողական դարձնել:
Վահան Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ 2024-ի վերջին կամ 2025 թվականին Հայաստանի Հավատարմագրման ազգային մարմինը կդառնա Եվրոպական հավատարմագրման մարմինների անդամ, որը կստեղծի փոխճանաչելիության ինստիտուտ, ինչի արդյունքում Հայաստանից արտահանվող ապրանքներն անխոչընդոտ կկարողանան մուտք գործել եվրոպական շուկա: