Առաջընթաց ենք արձանագրել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում, և շուտով պետք է ստորագրվի համապատասխան համաձայնագիր: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով անվտանգության ոլորտում ՀՀ ԱԳՆ-ի քաղաքականության իրականացման հարցերին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ճշեց՝ ո՞ր հարցով համաձայնագիր ստորագրելու մասին է խոսքը, Պարույր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ խոսքը ԵՄ-ի դիտորդների «իմունիտետների և արտոնությունների» վերաբերյալ համաձայնագրի մասին է: