Երևանում և Գյումրիում գտնվող պետական գույքերը ներկայացվել են օտարման
Գործադիրի որոշմամբ Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք. Վ. Սարգսյան փողոց 25/9 հիվանդանոց հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված ներկայացնել օտարման՝ մրցույթով: Գույքը նախկինում շահագործվել է որպես ուռուցքաբանական դիսպանսեր, սակայն տևական ժամանակ է՝ չի շահագործվում և ունի հիմնովին վերանորոգման կարիք։ Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 80 տոկոսի չափը՝ 242 880 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 20 108 029 դրամ։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Ն. Զարյան փողոցում գտնվող անշարժ գույքերը օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ: 2023 թ. մարտի 3-ի դրությամբ գույք 1-ի գնահատված շուկայական արժեքը կազմում է 228 600 000 դրամ, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը` 29 943 775 դրամ։ 2023 թ. ապրիլի 28-ի դրությամբ գույք 2-ի գնահատված շուկայական արժեքը կազմում է 38 200 000 դրամ, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը` 4 189 120 դրամ։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։
Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Արմավիրի մարզում գտնվող մանկապարտեզի կիսանորոգված շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերել Խոյ համայնքին:
Համայնքը նախատեսում է Աղավնատուն գյուղի Ռ. Ավագյան փողոց 11/1 փողոց հասցեում գտնվող նվիրաբերված գույքը վերանորոգել և շահագործել որպես մանկապարտեզի շենք՝ համայնքում մշակութային կյանքի զարգացման, նախադպրոցական կրթության որակի բարելավման, բնակիչների համար առավել հարմար պայմաններ ստեղծելու համար: Այդ նպատակով սուբվենցիոն ծրագրի շրջանակում 12 ամիսների ընթացքում կիրականացվի 311 724 000 ՀՀ դրամի ներդրում, որից 95 797 200 ՀՀ դրամ կներդրվի Խոյ համայնքի կողմից։