Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը, որը շարունակվում է: Հիշեցնեմ՝ առաջին բարձրացումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին, իսկ հիմա արդեն խոսում ենք 2024-ի հունվարի մասին: Եվ այստեղ նվազագույն աճը, որ կգրանցենք 2024-ին, 2021 թվականի համեմատ, 78 տոկոսն է լաբորանտի աշխատավարձի մասով, բայց 2024-ի հունվարի 1-ին ունենք, օրինակ, 267 տոկոս աշխատավարձի աճ առաջատար գիտաշխատողի համար, որի աշխատավարձը 2024-ի հունվարից կդառնա 420 հազար դրամ:
Այս մասին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ընթացքում:
«2021 թվականին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար 300 դրամ էր։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ին կդառնա 500 հազար դրամ, որը մինչև այս գործընթացը 138 հազար 100 դրամ էր, այսինքն՝ այստեղ ևս ունենք էական աճ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
«Կարևոր եմ համարում նաև, որ նաև մշակված է ատեստավորման նոր կարգը, որը ոլորտի որակական փոփոխությունների կհանգեցնի»,- ընդգծեց նախարարը: