Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 620.620 հազար դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է գծում փոխել ժամկետանց և արատային ռելսերը, ինչպես նաև ռելսերի հետ պարբերաբար հպման արդյունքում մաշված անվազույգերը: Ըստ հիմնավորման՝ մետրոպոլիտենում ներկայումս շահագործվում է 30 կմ երկարությամբ գիծ՝ 2400 հատ ռելս: Համաձայն բաց թողնված տոննաժի նորմերի կատարողական հաշվարկների՝ տվյալ պահին առկա են թվով 270 հատ ժամկետանց և 40 հատ արատային ռելսեր: Որոշման ընդունման արդյունքում կապահովվի Երևանի մետրոպոլիտենի թվով 32 անվազույգերի և 4300 մ ռելսերի ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացումը: