Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։ Այս մասին տեղեկացրին Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման ու առևտրի նախարարության միջև համագործակցության ընդլայնման մասին» հուշագիր։
Հուշագրով նախատեսվում է ապահովել կողմերի առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումը՝ սպառողական ապրանքների փոխադարձ մատակարարումների ավելացման միջոցով, աջակցել Բելառուսի Հանրապետության տարածքում հայկական առևտրի տների հիմնման գործընթացին։