2024 թվականին նախատեսված է 20 ծրագիր իրականացնել ընդհանուր 125 միջոցառումով, և այդ ամենի համար հատկացված կամ նախատեսված գումարը 353.8 մլրդ դրամ է: Այդ մասին ԱԺ-ում 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ ծախսային մասով նախատեսվել է 296.6 մլրդ դրամ, և ըստ ուղղությունների բաշխվածությունը հետևյալն է. տրանսպորտի ոլորտին՝ 120 մլրդ դրամ, էներգետիկ ոլորտին՝ 58, ջրային ոլորտին՝ 49.4, և տարածքային կառավարման ոլորտին՝ 137.4 մլրդ:
Սանոսյանը ներկայացրեց տարածքային կառավարման ոլորտի և ջրային ոլորտի ուղղություններով տարվող աշխատանքների և բյուջետային հատկացումները: Նա նշեց, որ ջրային ոլորտին հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 49.4 մլրդ դրամ, և այդ գումարների հիմնական մասը՝ 35.3 մլրդ-ը, կապիտալ ծախսերի համար նախատեսված գումարներ են: «Այստեղ կան մի քանի խոշոր ծրագրեր, մասնավորապես, Վեդու ջրամբարը, որն ավարտական փուլում է. այս ծրագրի համար նախատեսված է 2.6 մլրդ դրամ, որի մի մասը ծրագրի ավարտի համար կվճարվի: Երաշխիքային գումարների համար կան վճարումներ, և ունենք ոռոգման ներտնտեսային ցանցի համար նախատեսված վճարումներ:
Մյուս խոշոր ծրագիրն այս ոլորտում Կապսի ջրամբարն է, որի համար նույնպես նախատեսված է 11.8 մլրդ դրամ: Այս տարի մենք արդեն շինարարությունը սկսել ենք, շինարարական ընկերություն կա, նախատեսված են մեծ ծավալի աշխատանքներ և հաջորդ տարվա մասով՝ 11.8 մլրդ դրամ»:
Ոռոգման համակարգերի զարգացման առումով 1.5 մլրդ է նախատեսված 18 կմ-ի համար, և միաժամանակ ներքին աղբյուրներից նախատեսված է 16.5 մլրդ դրամ՝ մի շարք աշխատանքներ իրականացնելու համար կամ վճարումների. մասնավորապես, ոռոգման ոլորտում տրվող սուբսիդավորման համար նախատեսվել է 9 մլրդ դրամ:
«Հաջորդ տարի 2 մլրդ ենք նախատեսել ոչ միայն նախագծերի համար, այլև որոշ ջրամբարների շինարարությունը սկսելու համար»,- ասաց նա:
Տավուշի ջրամբարի համար նախատեսված գումար կա՝ 288 մլն դրամ. օրվա կարգավորիչ ջրամբարների համար 2.5 մլրդ է նախատեսվել, 31 օրվա կարգավորիչ ջրամբարներ կառուցելու ծրագիր կա: Դրանից 15-ի շինարարության համար հաջորդ տարի գումար է նախատեսված 2.7 մլրդ դրամ:
Թալինի պոմպակայանի համար գումար է նախատեսված և մի շարք նման աշխատանքների, ինչպես նաև Արաքս գետի հունի հետ կապված որոշակի աշխատանքներ կան. 400 մլն դրամ էլ նախատեսված է այդ առումով: «Սա հիմնականում ոռոգման և ջրամբարաշինության բլոկն էր»,- ասաց նախարարը:
«Եթե գանք ջրամատակարաման ջրահեռացման ոլորտին, դրա բարելավման ծրագրերին, ապա նախատեսված է 12.7 մլրդ դրամ, որի շուրջ 90 տոկոսը կամ 11.4 -ը հենց կապիտալ ծրագրերն են, մասնավորապես Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի համար 2.6 մլրդ դրամ է նախատեսված. այս ծրագիրը հիմա էլ կա և շարունակվելու է հաջորդ տարի. շուրջ 78 կմ ջրագծեր կանցկացվեն, մուտքային գծեր և մոտ 5000 տնային միացումներ:
Մի շարք բնակավայրերում ջրամատակարման, ջրահեռացման վերականգնման ծրագրեր կլինեն 7.1 մլրդ դրամի: Միաժամանակ կկառուցվեն մի շարք համակարգեր մարզերում՝ ընդհանուր առմամբ 175 կմ ջրագծեր, 67 կմ կոյուղագծեր և 3433 հատ տնային միացումներ:
Արփա-Սևանի մասով նախատեսված է 1.3 մլրդ դրամ, որից 300 մլն-ը պահպանման ծախսեր են, 1 մլրդ-ը նախատեսված է որոշ վայրերում հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Ջրային կոմիտեի վարչական ապարատի ծախսեր են նախատեսված՝ 468 մլն դրամ:
Ավելի խոշոր ոլորտի տարածքային զարգացման ծրագիրն է, որտեղ մի շարք խոշոր ծրագրեր կան, մասնավորապես, տարածքային զարգացում ծրագիրը մոտ 110 մլրդ է նախատեսված, որը 10 տոկոսից ավել աճ ունի նախորդ տարվա համեմատ: Այստեղ հիմնական աճը վերաբերում է ՏԻՄ-երին տրվող համահարթեցման դոտացիաներին և այդ գումարը 69.7 մլրդ-ի փոխարեն արդեն 85.3 մլրդ է:
Մարզերին տրվող սուբվենցիաների առումով նախատեսված է 22 մլրդ:
Շարունակելու ենք պետական աջակցության ծրագիրը համայնքներին, և հաջորդ տարվա համար նախատեսված է մոտ 1 մլրդ դրամ: Այս օրենքն էլ այս տարի հիմա պետք է քննարկենք, ժամկետը երկարացնենք, որպեսզի հունվարի 1-ից արտոնությունները շարունակեն գործել»,- ասաց Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ մասնակցային ընթացակարգերով 4 համայնքում ծրագրեր իրականանցնելու համար կհատկացվի 500 մլն դրամ: Կեսը կհատկացվի 4 համայնքի միջև հավասար բաշխմամբ մնացած մասը՝ դոտացիոն համահարթեցման սկզբունքով:
Մյուս ծրագիրը կոչվում է քաղաքային զարգացում: «Այստեղ 18 մլրդ դրամ է նախատեսված, որը վերաբերում է հիմնականում Երևանին, և մոտ 18 մլրդ-ի մեջ 0.7 մլրդ-ն է, որն առնչվում է Գյումրիին. նախատեսված է Գյումրիում 6 փողոցի նորոգման աշխատանքներ իրականացնել: 18-ից մնացածը նախատեսված է Երևանում, հիմնականում խոշոր ծրագրերը. Մետրոպոլիտենի հետ կապված ենթակառուցվածքների նորոգման համար 1.5 մլրդ է նախատեսված, նոր կայարանի կառուցման համար՝ 4 մլրդ, և ուղևորափոխադրման ծառայությունների գծով՝ 2.5 մլրդ: Այլ հատկացումներ ունենք. ընդհանուր առմամբ 9.4 մլրդ է այս ուղղությամբ նախանշված:
Բուսաբանական այգում անտառ-պուրակի կառուցման աշխատանքների համար 2.2 մլրդ է նախատեսված, ևս 400 մլն ունենք մանկապարտեզների մասով և 1 խոշոր ծրագիր Երևանի գործընկերների հետ պետք է սկսենք՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ծրագիրն է՝ 4.1 մլրդ դրամ:
Կա նաև էներգաարդյունավետության, լուսավորությոան ծրագիր՝ 1.2 մլրդ դրամ: Հաջորդ խոշոր ծրագիրը կոշտ թափոնների ծրագիրն է. մասնավորապես, հիմնականում վերաբերում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կառուցված աղբավայրին և կայաններին. շինարարության մասն այս տարի կավարտվի. մենք իրականացրել ենք մրցույթներ. մեքենաների և աղբամանների. 28 հատ աղբատար մեքենա ձեռք կբերվի, մի քանի 100 աղբաման, և 2 մարզի բոլոր համայնքներում կիրականացվի կենտրոնացված աղբահանություն:
Հաջորդ ծրագիրը սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն է. սրանք հիմնականում խոշորացված համայնքներին աջակցության ծրագրերն են: Այս ծրագրում նախատեսված է 4.4 մլրդ դրամ: Ծրագրում կան մանկապարտեզներ, ջրամատակարարման համակարգեր, ոռոգման համակարգեր, համայնքային կենտրոններ: 20 համայնքի կտրամադրենք սարքավորումներ և տեխնիկա, ինչպես նաև դպրոցների մանկապարտեզներին կտրամադրվի գույք:
Ունենք վերապատրաստման համար նախանշված գումարներ՝ 14.6 մլն, մեր ավագանիների, ՏԻՄ համակարգի կամ տարածքային կառավարման համակարգի այլ գործընկերների վերապատրաստման հետ կապված:
Այլընտրանքային ծառայության համար նախատեսված է 30 մլն դրամ և մեր նախարարության վարչական ապարատի պահպանման համար նախատեսված է 1.6 մլրդ դրամ»,- նշեց Սանոսյանը: