2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներում գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2 տոկոսով: Բուսաբուծության ոլորտում եղել է շուրջ 10,4 տոկոս աճ: Գրանցված ցուցանիշների վրա ազդել են նաև գյուղատնտեսական ոլորտում իրականացվող՝ մեկ տասնյակից ավելի պետական աջակցության ծրագրերը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով «2024 թվականի պետական բյուջեի» մասին նախագիծը:
Փոխնախարարը հայտնել է, որ 2024 թվականին ևս նախաձեռնվում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք միտված են ոլորտի ինտենսիվացմանն ու արտադրողականության բարձրացմանը:
«2024 թվականին գյուղատնտեսության ոլորտում 5 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 36 միջոցառում: Ընդհանուր բյուջեն կազմում է 45,34 մլրդ դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար այն կազմում է 2 մլրդ 200 մլն դրամ»,- ասել է Արման Խոջոյանն ու մանրամասն ներկայացրել, թե որ ուղղություններին և ինչ նպատակների է ծառայելու բյուջետային հայտը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հորդորել է փոխնախարարին՝ հետագա բյուջեների կազմման ժամանակ արդյունքային ցուցանիշների վրա ևս մեծ ուշադրություն դարձնել:
Պատգամավորները հարցեր են ուղղել փոխնախարարին: Դրանք վերաբերել են որոշ ուղղություններով 2024 թվականի համար բյուջետային հայտի ավելացմանը, գինու սպառման ավելացմանը, անասնաբուծությանը և այլ հարցերի: