Երևան քաղաքի բյուջեում որոշակի էական վերանայումներ են տեղի ունեցել: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումը ԱԺ-ում ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևան քաղաքը նախատեսում է սեփական եկամուտներն էականորեն բարձրացնել 2024-ին: Այս տարի հավաքված 38 միլիարդ 799 միլիոն դրամի փոխարեն կանխատեսում ենք, որ պետք է հավաքենք 45 միլիարդ 259 միլիոն դրամ: Այստեղ ներառված են նաև նախկինում մեր իրականացրած գույքահարկի հետ կապված վերանայումները, և այստեղ ներառված են ճարտարապետահատակագծային փաստաթղթերի՝ ավագանու նոր որոշումներով կայացված տուրքերը: Եվ այստեղ ուզում եմ ընդգծել, որ մենք մոտավորապես 17 տոկոս աճ ունենք»,- ասաց Ավինյանը:
Քաղաքապետն ընդգծեց, որ Երևան քաղաքի դոտացիան մոտ 5 միլիարդ դրամով նվազեցվում է՝ 13 միլիարդ 430 միլիոնից դառնալով 8 միլիարդ 436 միլիոն:
Էականորեն կնվազեցվեն նաև սուբվենցիաները. «Երևան քաղաքը այս տարի մոտավորապես իրականացնում է 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրումային ծրագրեր, որոնք առաջարկվում է բյուջեի տվյալ նախագծում չներառել»:
Ավինյանը դոտացիայի տրամաբանության հետ որևէ խնդիր չի տեսնում, դրանք միանշանակ պետք է տրամադրվեն այն համայնքներին, որոնք Երևանի կենտրոնից հեռու են:
«Բայց եթե միայն դոտացիայով շարժվենք, կստացվի, որ Երևան քաղաքը, ունենալով ՀՀ-ի տնտեսական պոտենցիալի 50-60 տոկոսը՝ բնակչության 40 տոկոսից ավելին, ստանում է ընդհանուր առմամբ դոտացիաների 10 տոկոսը»,- ասաց նա:
Ավինյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարիներին Երևանին տրամադրվել են սուբվենցիաներ, որոնք ուղղվել են մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի սուբսիդավորմանը, ընթացիկ նորոգման, ասֆալտի ճաքալցման աշխատանքներին: Կրճատվել են նաև լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար հատկացվող գումարը, Կենդանաբանական այգու ֆինանսավորումը, թանգարանային ծառայությունների, թատերական ներկայացումների սուբվենցիաները, նաև ճանապարհների գծանշումների մասով որոշակի կրճատումներ են եղել:
Այսպիսով՝ 2024 թվականի հատկացվելիք բյուջեն համեմատելով 2023 թվականի բյուջեի հետ՝ Ավինյանը եզրակացրեց. «Եթե մենք ֆունդամենտալ լուծում այս հատվածում չգտնենք, ես անկեղծ կլինեմ՝ մենք որոշակի ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք, որովհետև խոսքը փոքր գումարի մասին չէ»:
Որպես լուծում՝ Ավինյանն առաջարկեց Երևանի բյուջեն ձևավորել նաև մայրաքաղաքի տարածքում գանձվող եկամտահարկից, շահութահարկից և բնապահպանական վճարներից մասհանումներից, որոնցից մասհանումները նախկինում զրո են եղել: