2024 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանը նախատեսվել է հատկացնել 8 մլրդ 792 մլն դրամ: Գործող տարվա համեմատ բյուջեն ավելացել է 384 միլիոնով: Այս մասին ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 2-ի համատեղ նիստում՝ ներկայացնելով նախարարությանը նախատեսվող հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«Առաջինը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիտորինգ» ծրագիրն է՝ երեք միջոցառումով: 2024 թվականին նախատեսում ենք երկու ավտոմատ դիտակայան գնել օդի մշտադիտարկման համար: Ըստ էության՝ այս սարքերն օդի աղտոտվածության վերաբերյալ ամբողջական նոր տվյալներ կտան իրական ժամկետներում: Երկրորդը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պահպանման ծախսերն են, որում ներառված է 42 մլն դրամ՝ սարքերի պահպանման համար, ինչպես նաև 60 մլն դրամ, որով առաջին անգամ կֆինանսավորվի Սևանի ջրի մշտադիտարկումը»,- նշել է նախարարը: Հաջորդ ծրագիրը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ- ի պահպանման ծախսերն են. 2024 թվականին այն կկազմի 250 մլն դրամ: «Շրջակա միջավայրի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի համար նախատեսվել է հատկացնել 1,3 մլրդ դրամ, իսկ «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» ծրագրի համար՝ 322 մլն դրամ:
Հակոբ Սիմիդյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ ծրագրերի, աշխատանքների կատարման մեխանիզմների վերաբերյալ: