ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ավարտվել է Երևանի 24-ամյա բնակչի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մի շարք աշխատակիցներ 2023 թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացնելու միտումով դուրս են եկել Երևան քաղաքի Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ, փակել ճանապարհների երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով երթևեկությանը: Իրենց ծառայողական պարտականությունները կատարելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով ոստիկանության աշխատակիցները, մոտենալով հիշյալ քաղաքացիներին, անհնազանդությունները դադարեցնելու և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու օրինական պահանջ են ներկայացրել: Սակայն քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, իսկ երբ վերջիններս, շղթա կազմելով, փորձել են նրանց դուրս բերել ճանապարհահատվածից, 24-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցներից մեկի նկատմամբ. դիտավորությամբ հարվածել է վերջինիս ձախ աչքի քունքային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Այնուհետև դեպքի վայրում գտնվող ոստիկանության այլ աշխատակիցների օգնությամբ հաջողվել է օրինախախտում կատարող քաղաքացիներին դուրս բերել ճանապարհի բանուկ հատվածից, իսկ 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: