«Հայրենադարձության հայեցակարգ»՝ որպես այդպիսին, չկա, դա կեղծ կոնցեպտ է: Այդ մասին Ազգային ժողովում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի՝ 2024 թվականի բյուջետային հայտի քննարկման ժամանակ ասաց կառույցի ղեկավար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե արդյոք գոյություն ունի՞ սփյուռքյան շրջանակներում մշակված «հայրենադարձության հայեցակարգ», և արդյոք կա՞ն հավատարմատարներ:
Զարեհ Սինանյանը պարզաբանեց՝ հայեցակարգը ստեղծելը և թղթի վրա թողնելը անարդյունավետ մոտեցում չէ: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն այլ բան է անում՝ հայրենադարձության հետ կապված: Ըստ Սինանյանի՝ որպեսզի տեղի ունենա հայրենադարձություն, երկրում պետք է լինեն համապատասխան պայմաններ, այն է՝ երկիրը պետք է ունենա հայրենադարձությունն իրագործելու համար համապատասխան ենթակառուցվածք:
«Ի՞նչ ենք անում մենք: Մենք նախընտրում ենք կենտրոնանալ այդ ենթակառուցվածքների ստեղծման վրա,- ասաց նա և հավելեց,- մի օրինակ բերեմ, որը վերջերս տեղի ունեցավ: Ճիշտ է, ուղղակիորեն հայրենադարձության հետ կապված չէ, բայց դրանից շատ դասեր կարելի է քաղել: Երբ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև սկսվեց այդ գործողությունների փուլը, մի բան տեղի ունեցավ, որն աննախադեպ է անցյալում. Հայաստանը տարհանեց հայ մարդկանց Իսրայելից: Նման բան չի եղել, եթե եղել է, հուշեք: Ձրիորեն տարհանեց մի ինքնաթիռ մեր հայրենակիցների»: Ապա Սինանյանը հավելեց, որ եկածների մի մասը ժամանակավորապես ապահով բնակություն հաստատելու համար է եկել, հայրենիքում ապաստան են գտել և պետք է վերադառնան, թեև մի մասը չէր հավատում, որ կարող է նման բան լինել:
«Հիմա որ եղավ, մարդիկ ասում են՝ ո՞նց, ուրեմն պետություն կա, իր քաղաքացիներով անհանգիստ պետություն կա: Եվ դրա արդյունքում 4 ընտանիք եկել է Ինտեգրման կենտրոն և ասում է՝ մենք ուզում ենք մնալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հանձնակատարի ինստիտուտի ստեղծմանը տարբեր երկրներում, ապա, ըստ Զարեհ Սինանյանի, այս պահին կա 1 հանձնակատար, որը ներկայացնում է Լեհաստանը: Այս պահին բանակցություններ են ընթանում մի շարք անձանց հետ՝ նրանց հանձնակատար նշանակելու համար:
«Մինչև տարեվերջ կունենանք ևս 3 հանձնակատար, բայց մեր առջև արդեն նպատակ ենք դրել, որ հաջորդ տարի շատ ուղղորդված ձևով, աշխարհագրորեն մտածված, ըստ մեր քարտեզի, ինչպես մենք էինք բաժանել Սփյուռքի տարածքը, ունենալ մի քանի հանձնակատար»,- ասաց նա: