ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների հարգման վրա:
Նա ընդգծել է, որ ժողովրդավար Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Եվրոպական միության ջանքերը՝ շեշտելով, որ երախտապարտ ենք Էստոնիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրած մարդասիրական աջակցության համար:
Հանդիպմանը քննարկվել են ժողովրդավարությանը և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն առնչվող հարցեր: «Հարգելի՛ գործընկերներ, չնայած բոլոր մարտահրավերներին` մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին, որի կարևոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործիք»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Էստոնացի գործընկերները նկատել են, որ որևէ մեկը չի կարող մյուսին այդքան լավ հասկանալ, որքան փոքր երկրները, և մեր ցավն ու բարձրացրած հարցերն իրենց համար խորթ չեն:
Հանդիպմանը քննարկվել են բարեկամական խմբի այցի արդյունքում նախանշվող ուղիների զարգացումը և մի շարք այլ օրակարգային հարցեր: