Հեռուստաընկերությունների վրա դրվում են պարտավորություններ, որոնց համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն: Այդ մասին Ազգային ժողովում Հեռուստաընկերության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2024 թվականի բյուջետային հայտի քննարկման ժամանակ ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ մասնավորապես անդրադառնալով նախընտրական շրջանում հեռուստաընկերության ստանձնած պարտավորություններին:
«Ընտրական օրենսգրքով ֆիքսվել է, որ պետք է անենք դեբատներ: Բոլորը նայում են, բոլորը գոհ են այդ դեբատներից, բայց ոչ ոք չի հարցնում՝ այդ դեբատների համար ինչ-որ մեկը ֆինանսական միջոցներ նախատեսե՞լ էր հեռուստաընկերության համար: Եվ ես հիմա ձեզ ասեմ, որ մեծագույն խնդիր էր դա, քանի որ այդ նպատակով, երբ օրենքը փոխվեց, ոչ ոք հեռուստաընկերությանը չհարցրեց՝ իսկ ֆինանսավորումը ինչպե՞ս է արվում դեբատների: Եվ արդյունքում Հանրային հեռուստաընկերությունն իր միջոցներից, որոնք նախատեսված էին լրիվ այլ նպատակով, կիրառեց, ծախսեց այս նպատակով: Եվ սա անընդհատ լինում է, մենք անընդհատ բարձրաձայնում ենք»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը, ապա հավելեց, որ երբ հեռուստաընկերությունների մասով պարտավորություններ են դրվում, ճիշտ կլինի, որ հեռուստաընկերություններին էլ տեղեկացնեն դրա մասին:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն առանձնացրեց նաև սուրդոթարգմանությունների հարցը՝ ընդգծելով, որ հեռուստաընկերությունների համար դա ապահովելը «մեծագույն խնդիր է»:
«Պատկերացրեք, որ դեռ Երևանում հնարավոր է ինչ-որ կերպ լուծել, մարզերում դա ավելի մեծ խնդիր է: Մենք մարզեր ունենք, որտեղ սուրդոթարգմանիչ չկա, բայց օրենքով գրել են, որ պետք է ապահովենք, և արդյունքում հիմա բոլոր հեռուստաընկերությունները, ցավոք, նաև Հանրային Հեռուստաընկերությունը, խախտում են օրենքը, որովհետև մասնագետներ չենք կարողանում գտնել այդ քանակի»,- ասաց նա:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն առանձնացրեց մեկ այլ խնդիր ևս՝ նշելով, որ այդ մասին հաճախ չի բարձրաձայնվում:
«Շատ դժվար է լինում, որ կարողանում ենք ապահովել բոլոր ուժերից հյուրեր: Ունենք ընտրություններին մասնակցող կուսակցություններ, որ մե՛նք էինք զանգահարում և համոզում, որ անվճար րոպեներից օգտվեն»,- ասաց Մովսիսյանը: