Թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական հարցերը կդիտարկվեն: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս տարի մեզ համար այս դասագրքերի փորձարկման տարի է: Այս ընթացքում ուսուցիչները կօգտագործեն, աշակերտները կօգտագործեն, պարզ կդառնա, թե որոնք են այն բարելավումները, որոնց կարիքը կա, և բոլոր այդ բարելավումները կարվեն, բայց պետք չէ մեկը խառնել մյուսի հետ, որովհետև մենք պետք է հստակ տարբերակենք բոլոր նոր դասագրքերի բովանդակային և տեխնիկական վերանայումների պահանջը, որը հստակ ու մասնագիտական կձևակերպվի, և պետք է տարբերակենք այն թիրախավորված արշավը, որ կա: Այս երկուսը եթե խառնում ենք իրար, ոչ մի լավ բան չի ստացվում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանում որակյալ դասագիրք գրելու պրոբլեմ կա: «Չկա այդ ավանդույթը ձևավորված. պետք է շարունակե՞լ այդ ավանդույթը չձևավորել, թե՞ պետք է գնալ մի ճանապարհով, որով մենք շանս ենք ստանում ունենալ նոր և որակյալ դասագրքեր, որից բոլորը՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները, և թե՛ լայն շրջանակը կլինի բավարարված: Այդ ճանապարհով ենք գնում. դուք չեք կարող սկսել մի աշխատանք և ունենալ 100 տոկոսանոց արդյունք հատկապես կրթության ոլորտում»,- նշեց Ժաննա Անդրեասյանը: