ԼՂ-ից բռնի տեղահանված 16 646 աշակերտ արդեն իսկ կրթությունը շարունակում է ՀՀ հանրակրթական դպրոցներում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Երևանում 5303 երեխա է ընդգրկվել հանրակրթական դպրոցներում, իսկ մարզերի մասով ամենաշատը Կոտայքում են. 3045 երեխա դպրոց է հաճախում:
Փոխնախարարն անդրադարձավ նաև դպրոցներում նոր չափորոշիչներին համապատասխան որոշ դասագրքերի բացակայությանը՝ նշելով, որ դրանք այն դասագրքերն են, որոնց հայտարարված մրցույթի ժամանակ չեն ստեղծել դասագրքեր:
«Մենք ունենք որոշ առարկաների գծով դասագրքերի բացակայություն, բայց ես արդեն նշեցի, որ այդ դասագրքերը չեն ստեղծվել:
Իսկ ինչո՞ւ չեն ստեղծվել, որովհետև բաց մրցույթ է հայտարարված եղել: Բոլոր այն հեղինակները կամ հեղինակային խմբերը, որոնք դասագրքեր են ստեղծել, ներկայացրել են դրամաշնորհային մրցույթի, փորձաքննություն են անցել, և եթե համապատասխանել են պահանջներին, ապա դրանք երաշխավորվել են:
Այն դասագրքերը, որոնք չեն ստեղծվել տարվա ընթացքում, կրկին մրցույթը հայտարարվել է»,- պարզաբանեց Սվաջյանը՝ հավելելով, որ խոսքը 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններին է վերաբերում:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ այն առարկաների դասագրքերը, որոնք դեռ նոր չափորոշչով չեն ստեղծվել, այդ դասագրքերի փոխարեն դպրոցներում կիրառվում են հին չափորոշչով դասագրքերը: Նոր չափորոշչի հիման վրա մշակվել են նաև ուսումնական նյութեր, որոնք հին չափորոշչի համադրմամբ մատուցվում են դպրոցներում: