Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը:
«Մենք ունենք օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակում հանրային կյանքին և հանրային ֆինանսների կառավարման գործընթացին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ, սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ այդ մասնակցության մակարդակը բավականին ցածր է, և մենք դեռևս մայիսին ընդունել ենք որոշում մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման գործողությունների ժամանակացույց, որի համապատասխան ներկայացնում եմ այս նախագիծը»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի 4 համայնքում՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի Ջերմուկ և Արմավիրի մարզի Արմավիր, այս տարի բաց կառավարման գործընկերության նախագծի միջոցով արդեն իսկ իրականացվում են պիլոտային ծրագրեր: «Մենք որոշել ենք 500 մլն դրամ 2024 թվականի բյուջեով նախատեսել այս մասնակցային սկզբունքով սուբվենցիոն ծրագրերի համար, և, ըստ էության, այս կարգն առաջին հերթին սահմանում է բյուջետավորման հասկացությունը, մասնակցային բյուջետավորման իրավական հիմքերը: Սահմանում է, թե այդ համայնքների միջև ինչպես պետք է բաշխվի 500 մլն դրամը, և կանոնակարգում է մասնակցային բյուջետավորման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները, այսինքն՝ առաջարկ-նախագծերի ներկայացում համայնքի բնակիչների կողմից, դրանց հրապարակման և հանրային քննարկման, առաջարկված նախագծերի վերաբերյալ քվեարկության, դրանց հիման վրա սուբվենցիոն ծրագրի մշակման, սուբվենցիոն հայտի կազմման, լիազոր պետական մարմին հայտի ներկայացման, հայտի քննարկման, հայտի վերաբերյալ եզրակացության կազմման և տեղեկացման, սուբվենցիա տրամադրելու վերաբերյալ որոշման կայացման և սուբվենցիայի հատկացման ընթացակարգերն ենք հիմա որոշում»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չզեկուցվող հարցերի ցանկում ընդունվել է նաև սուբվենցիոն ծրագրերի լավարկման ևս մեկ որոշում: Կատարված փոփոխությունների վերաբերյալ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց. «Մեկում հետևյալ ձևակերպումն ենք տվել. մինչև 100 մլն բյուջե ունեցող և ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում Կառավարությունը առկա գործակիցներին լրացուցիչ 15 տոկոս կավելացնի: Եվս 2 ուղղությամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների առումով աշխատանք ենք անում. մեկը՝ դոտացիաների հետ կապված փոփոխություններ ենք արել, որի արդյունքում իրենց տրվող գումարները կավելալան, հիմա նախագիծն ԱԺ-ում է, ինչպես նաև առանձին ծրագրեր ենք անում ամբողջովին պետբյուջեից:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կքննարկենք այն համայնքների հայտերը, որոնք նախորդ տարվա հարկերը տուրքերը և այլ վճարները հավաքագրել են 90 և ավելի տոկոսով: Այսինքն՝ մենք խրախուսում ենք, որ համայնքները պատշաճ հավաքագրում իրականացնեն: Բայց հաշվի առնելով, որ կարող են լինել դեպքեր, ինչ-ինչ պատճառներով որոշակի խնդիրներ լինեն, բայց համայնքում կարևոր ծրագիր լինի՝ տեղ ենք թողել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողովը կարող է դիտարկել այդ ծրագրերը:
Մյուս կարևոր փոփոխությունով մանկապարտեզներ, մշակույթի տներ կառուցելիս ծրագրի մեջ պետք է նշվեն հետագա դրա պահպանման ծախսերը, հետագա ընթացքը նույնպես պետք է ծրագրում ապահովվի:
Մյուս կարևոր հարցը, որ փորձել ենք կարգավորել. մանկապարտեզների և այլ շենք-շինությունների պարագայում գույքի մասն է, որպեսզի փաթեթի մեջ լինի գույքը, ընդհանուր դիզայնը:
Մյուս կարգավորումը վերաբերում է ոռոգման և խմելու ջրի համակարգերին. փորձել ենք մեծացնել Կառավարության մասնաբաժինը՝ դարձնելով 65-75 տոկոս, որպեսզի խրախուսենք՝ մեր համայնքները ոռոգման և խմելու ջրի համակարգերին շատ դիմեն:
Մյուս փոփոխությունը վերաբերում է մայթերի սալարկումներին. փորձում ենք խրախուսել, որ բնական քարով սալարկումներն ավելի շատ լինեն, քան բետոնե սալիկներով: Եթե բնական քարերով իրականացնեն, Կառավարությունը կվճարի 55-75 տոկոս, իսկ եթե, այնուամենայնիվ, համայնքը կորոշի, որ բետոնե սալիկներով, ապա՝ 25-45 տոկոս:
Վերջին փոփոխությունը. հաշվի առնելով, որ մեքենաների սարքավորումների ձեռքբերման մեջ համայնքները շատ կարիք ունեն աղբահանման մեքենաների և աղբամանների, այստեղ նույնպես մեր մասնաբաժինը մեծացնում ենք 55-65 տոկոս»,- նշեց նա: