Մեզ համար կարևորագույն խնդիր է՝ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աշխատանքի տեղավորման հարցում: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 2-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ աշխատանք է կատարվում:
Քննարկում կա, որպեսզի Լեռնային Ղարաբաղում գործող շինարարական կազմակերպությունները ՀՀ-ում գործունեություն ծավալեն:
«Մենք հանրապետությունում ունենք շինարարական նախագծեր, որոնք, օրինակ, մի քանի անգամ մրցույթների են դրվել, մրցույթներին մասնակիցներ չեն եղել ծանրաբեռնվածության պատճառով, մենք նաև որոշեցինք նրանց (ԼՂ-ի շինարարական կազմակերպություններին - խմբ.) առաջարկել գնահարցման միջոցով, օրենքով սահմանված ձևով, մեկ անձից գնում անելու միջոցով, որպեսզի այդ ընկերությունները ստանձնեն այդ նախագծերի շինարարությունը, և որպեսզի իրենց աշխատողներին կոնսոլիդացնենք»,- ասաց Փաշինյանը և, խոսքն ուղղելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեց՝ այս ուղղությամբ աշխատանք արվե՞լ է:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ այս ուղղությամբ որոշումներ կայացնելու կարիք կա:
«Իրավաբանական անձանց վերագրանցման կարիք կա, նաև լիցենզիաների վերագրանցման կարիք կա: Այդ աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են, մենք շուտով դրանք նույնպես կվերջնականացնենք, որպեսզի կարողանանք կազմակերպությունը վերագրանցենք, և համապատասխան լիցենզիաները համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրության կարգավորումներին, և արդեն այդ հնարավորությունից օգտվեն»,- ասաց փոխվարչապետը:
Փաշինյանը հույս հայտնեց, որ իրավական կարգավորումները կկատարվեն, և արդյունքում վերոնշյալ ընկերություններն իրենց աշխատողներով կանցնեն աշխատանքի, աշխատավարձ կստանան և կվերադառնան բնականոն կյանք: