ՀՀ-ում ժամանակավոր բնակվելու և կոմունալ ծախսերի համար սոցաջակցության ծրագրի շրջանակներում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կհատկացվի ևս 950 միլիոն դրամ՝ հոկտեմբերի վճարումների շարունակականությունն ապահովելու նպատակով: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 2-ի նիստին ասաց ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ըստ նախարարի՝ նախագծով հատկացվում է նաև 420 միլիոն դրամ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում մշակված և նույնականացված տվյալների վճարումներն իրականացնելու համար:
««40,000+10,000» հազար դրամ աջակցության ծրագրից արդեն իսկ այս պահի դրությամբ օգտվել է 73,196 անձ, նրանցից 69,199-ը ստացել է «40,000+10,000» հազար դրամ, իսկ 3997-ը՝ միայն 10 հազարական դրամ աջակցություն:
Հատկացվող գումարը հնարավորություն կտա շարունակելու հոկտեմբերի վճարումները և գումար տրամադրելու 19,000 անձի: Արդյունքում կստացվի, որ «40,000+10,000» հազար շահառուների թիվն այս հատկացումներն իրականացնելուց հետո կլինի ավելի քան 92,000 անձ»,- ասաց նախարարը:
100 հազար դրամ ծրագրի շրջանակում տրամադրվող 420 միլիոն դրամով կկատարվեն շուրջ 4200 անձի համար վճարումները, և սրանց գերակշիռ մասն անչափահասներն են, որոնց ծնողները երեխաների համար դիմումները գրել են: Ընդհանուր առմամբ սույն նախագծով առաջարկվում է այս ծրագրերի համար հատկացնել 1 միլիարդ 370 միլիոն դրամ:
Նարեկ Մկրտչյանը նաև պարզաբանեց, որ 100 հազար հոգի արդեն իսկ ստացել է 100 հազար դրամ: Եվ քանի որ 100 հազար դրամի շահառու են դարձել նաև մինչև սեպտեմբերի 19-ը Կարմիր խաչի միջոցով ուսման և բուժման նպատակով ՀՀ տեղափոխվածները, հետևաբար ևս 4200 անձ դեռ պետք է ստանա 100 հազար դրամ աջակցություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, հանձնարարեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանին՝ առաջիկայում մեկ անձի ճշգրտությամբ ներկայացնել տվյալները, ապա, դիմելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, ասաց. «Եթե նրանք օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականությունն այն է և մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան ՀՀ-ում, ապրեն, աշխատեն ՀՀ-ում»: