Կուզենայի առանձնահատուկ շեշտադրել, որ 2024 թվականի համար այս ուղղությամբ նախատեսված է 345,4 մլրդ դրամ՝ 2023-ի 250,3 մլրդ դրամի դիմաց, այսինքն՝ շուրջ 38 տոկոսով աճել է ԿԳՄՍՆ-ի բյուջեն, որը էական ավելացում է, և հաշվի առնելով տարիների դինամիկան՝ կարող ենք ասել, որ աննախադեպ ավելացում է: Այս աճի մեջ հատկապես մեծ ծավալ է կազմում կապիտալ ծախսերի ուղղությունը, որի համար նախատեսվել է շուրջ 129 մլրդ դրամ, ինչը շատ մեծ թիվ է: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում նման կապիտալ ծախսերը ցույց են տալիս Կառավարության ծրագրի առաջնահերթությունները և այն ուղղությունները, որոնցով աշխատանք ենք իրականացնում: Այս մասին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով 2024-ին ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջեի հիմնական ուղղությունները և տրամաբանությունը:
«Կապիտալ ծախսերից կուզեմ առանձնացնել 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագիրը, ընդ որում, այստեղ կուզեի շեշտադրումը դնել ոչ միայն քանակական, այլև որակական տվյալների վրա: Մենք հաճախ ենք խոսում ծրագրային բյուջետավորման գործընթացի բարելավման անհրաժեշտությունից, և ես ուրախ եմ, որ մենք 2024 թվականի բյուջետային մեր հայտում ունենք այնպիսի փոփոխություններ, որոնք վերաբերում են հենց կառուցվածքային բարելավումներին, և դրանց մեկը 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագիրն է:
Նախընթաց տարիներին մենք հաճախ էինք ասում, որ եթե որևէ մեկը ուզենա տեսնել, թե 300 դպրոցների ծրագրում ընդգրկված դպրոցները այս ուղղությամբ պետության ջանքերը ինչպիսին են, ապա կարիք կլիներ նայել մի քանի գերատեսչությունների և մի քանի ծրագրերի ուղղությամբ, որպեսզի այդ ամփոփ ցուցանիշները ստանար: Մենք խմբավորել ենք այս գործողությունները տարբեր ծրագրերից, ընդ որում, ԿԳՄՍՆ է տեղափոխվել նաև մինչ այս ՏԿԵՆ-ի բյուջեում արտացոլված՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը»,- ասաց նախարարը՝ հավելելով՝ այս ծրագրին նախարարության բյուջեով հատկացվել է շուրջ 110 մլրդ դրամ:
Անդրեասյանի խոսքով՝ խոսքը ոչ միայն շինարարության, այլև գույքով հագեցվածության մասին է: Այս պահին ավարտվել է 26 դպրոցների կառուցումը, մինչև տարեվերջ ևս 8 դպրոց կավարտվի: «Ընդհանուր առմամբ, տարեվերջի դրությամբ 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն: 2024 թվականի սկզբի դրությամբ ընթացքում կլինի շինարարության 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ին: 2024 թվականի դեկտեմբերին ավարտված դպրոցների թիվը կկազմի 55, իսկ մնացած դպրոցների շինարարությունը, որոնք ընթացքի մեջ կլինեն, կավարտվի 2025-2026 թթ.: Այս պահին նախագծման ավարտի ու շինարարության մրցույթի նախապատրաստական փուլում են ավելի քան 200 դպրոցներ, որոնց թվում՝ 75 կրթահամալիրներ, որտեղ նաև նախադպրոցական ծառայություններ են նախատեսվում: Դրանց շինարարության մրցույթները նոյեմբերից կմեկնարկեն»,- նշեց Անդրեասյանը:
Նախարարն առանձին վիճակագրություն ներկայացրեց նաև այն դպրոցների մասով, որտեղ վերակառուցվում կամ կառուցվում են միայն մարզադահլիճները:
«31 դպրոց այժմ մարզադահլիճների կառուցման կամ վերակառուցման փուլում է: Դրանց հիմնական մասն ավարտված է: 500 մանկապարտեզներից 22-ում ավարտվել են աշխատանքները, 142-ում այս պահին ընթացքում են, 2024-ին շինաշխատանքներ կիրականացվեն 283 նախադպրոցական հաստատություններում, որոնցից մոտ 100-ի աշխատանքները կավարտվեն մինչև 2024 թվականի ավարտը»,- տեղեկացրեց ԿԳՄՍ Նախարարը:
Նախարարի խոսքով՝ երկրորդ խոշորագույն կապիտալ ծրագիրն Ակադեմիական քաղաքի ծրագիրն է:
«Կառավարության երկու վերջին նիստերին երկու կարևորագույն որոշումներ ունեցանք: Առաջինով հաստատվեց Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, Կառավարության նախորդ նիստում հաստատվեց 1 անձից գնման եղանակով ճարտարապետական ընկերության հետ պայմանագրի կնքման գործընթացը: Եվ ուրախ եմ հայտնելու, որ հոկտեմբերի 30-ի դրությամբ արդեն ունենք կնքված պայմանագրեր գերմանական «Ջի Էմ Փի Ինտերեյշընըլ» ընկերության հետ, որի տեղական գործընկերը լինելու է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Պայմանագրերն արդեն կնքված են: Դրանց արժեքը գլխավոր հատակագծի նախագծման մշակման մասով կազմելու է մինչև 854 հազար 100 եվրո: Ինչու մինչև, որովհետև առիթ ենք ունեցել ասելու, որ Ակադեմիական քաղաքի համար երկու հիմնական տեղամաս է առանձնացված:
Մեկը Երևանի 17-րդ թաղամասի հարակից՝ 600 հա տարածքն է և պահեստային, այսպես կոչվող, տեղամասը «Հայֆիլմի» տարածքն է, ընդհանուր առմամբ շուրջ 700 հա-ի մասին ենք խոսում: Շատ հնարավոր է, որ գլխավոր հատակագծի մշակման ժամանակ պարզ դառնա, որ միայն հիմնական տեղամասը բավարար է մեր ամբողջ նախագծվելիք ենթակառուցվածքը ստանալու համար: Այս պարագայում գումարը, բնականաբար, ամբողջությամբ չի օգտագործվի և «Հայֆիլմի» հետ կապված աշխատանքների մասով հնարավոր կլինի լրացուցիչ ընթացք չտալ»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ նոյեմբերին ակնկալվում է ճարտարապետների այցը Հայաստան:
Կապիտալ ծախսերի հաջորդ ոլորտը հուշարձանների ոլորտին ուղղված ծախսերն են, որի համար 2024-ին, ըստ ԿԳՄՍ նախարարի, ունենք ռեկորդային ցուցանիշներ: 2024-ին հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգման համար նախարարությունը նախատեսում է ծախսել մոտ 1 մլրդ 159 մլն դրամ, ինչը կրկնակի ավելի է 2023 թվականի համեմատ: 13 հուշարձանների ամրակայման, նորոգման աշխատանքներ են նախատեսված:
Կապիտալ ծախսերի հաջորդ ուղղությունը սպորտի ոլորտում են: 2024-ի համար այս աշխատանքների համար հատկացվելու է 2,5 մլրդ դրամ: Շարունակվելու է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի կառուցումը, որը նախատեսվում է ավարտել 2025 թվականին: 2024-ին կմեկնարկեն նաև Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները, Մալխաս և Ռոման Ամոյանների մարզադպրոցի կառուցումը, որը կլինի Արագածոտնի մարզում:
«Շատ կարևոր է, որ հաջորդ տարի Կառավարությունը կմեկնարկի նաև տիպային մարզական կառույցների կառուցման աշխատանքները, որոնցից առաջին երկուսը կկառուցվեն Եղեգնաձորում և Բերդում»,- մանրամասնեց նախարարը:
Անդրեասյանի խոսքով՝ բյուջետային ծախսերի էական ուղղություններից են վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման խրախուսման ծրագրերը:
Խոսքը, մասնավորապես, ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է: