ԿԳՄՍՆ-ի գծով 2024 թվականին ընդհանուր ծախսերը նախատեսված են 345 միլիարդ 417 միլիոն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ 38 տոկոսով: Ծախսերում մոտավորապես 62 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը կամ 216 մլրդ 398 մլն դրամը: 129 մլրդ դրամի չափ ծախսեր նախատեսված են կապիտալ ծախսերի գծով, կամ ծախսերի 37,4 տոկոսը: Այս մասին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջեի նախագծի ֆինանսական ցուցանիշները:
«Եթե առանձնացնենք ըստ ոլորտների, կրթության ոլորտի ծախսերը նախարարության մասով կկազմեն 285 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 47 տոկոսով, գիտության ոլորտի ծախսերը կկազմեն 32 մլրդ 498 մլն դրամ, աճը՝ 8 տոկոս, մշակույթի ոլորտի ծախսերը կկազմեն 18 մլրդ 909 մլն դրամ, սպորտի ոլորտի ծախսերը՝ 6 մլրդ 656 մլն դրամ, և երիտասարդության ոլորտի ծախսերը՝ 2 մլրդ 331 մլն դրամ»,- մանրամասնեց ֆինանսների նախարարի տեղակալը:
Ընդհանուր առմամբ իրականացվում է 22 ծրագիր՝ 200 միջոցառումով: