Սահմանադրական դատարանի 2024 թվականի բյուջեի նախագիծը բաղկացած է ընդամենը 1 ծրագրից, որը ներառում է 3 միջոցառում: Բյուջեի 90 տոկոսն ուղղվելու է աշխատավարձերի և հավելավճարների, պարգևատրումների սպասարկմանը: Պահուստային ֆոնդը կազմում է 18 միլիոն դրամ, իսկ մնացած 10 տոկոսն ուղղվելու է ՍԴ-ի շենքի ընթացիկ ծախսերի և տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Այդ մասին 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ՝ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը:
«ՍԴ-ի 2024 թվականի բյուջետային հայտը 11 միլիոն դրամով պակաս է 2023 թվականի հաստատված բյուջեից»,- ասաց Առաքելյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին ՍԴ ներկայացվող դիմումների քանակն ավելանում է, ինչը չի վկայում դատարանի նկատմամբ անվստահության աճի մասին:
«Քանի որ ՍԴ-ն չի խուսափում արդարադատություն իրականացնելուց և իրականացնում է, և դրա արդյունքներից քաղաքացիները, իրավաբանական անձինք որոշակի արդյունավետության բարձրացում տեսնում են, դրանով պայմանավորված՝ դիմումների քանակը շատանում է»,- ասաց Առաքելյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե ՍԴ-ն խուսափում է սահմանադրական արդարադատություն իրականացնելուց:
Նրա խոսքով՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն ունի հստակ կարգավորումներ՝ ինչ ձևի դիմում պետք է ներկայացվի, ինչ պահանջների բավարարի:
«Սահմանադրական դատարանն իր գործունեության ընթացքում հստակեցնում է նաև սահմանադրական օրենքի պահանջները: Այստեղ խուսափելու մասին որևէ ակնարկ ես չեմ տեսնում»,- նշեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը:
Նրա խոսքով՝ 2023 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության կողմից ստացվել է 19 դիմում, հանրապետության նախագահի կողմից՝ 1 դիմում, պատգամավորների 1/5-ի կողմից՝ 2 դիմում, դատարանների կողմից՝ 6 դիմում, անհատական՝ 105 դիմում, որից 76-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, 29-ը՝ իրավաբանական անձանց:
Առաքելյանի խոսքով՝ կա քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ՍԴ-ին ներկայացվող դիմումների քանակի մշտական աճ:
«Իհարկե մենք չունենք չափորոշիչ՝ քաղաքացիների բավարարվածության հետ կապված: Անկեղծ ասած՝ լավ չեմ պատկերացնում քաղաքացիների բավարարվածության չափանիշը ՍԴ-ի գործունեության հիմքում դնելը»,- նշեց վերջինս՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:
Դիմելով Արծվիկ Մինասյանին՝ Առաքելյանը նկատեց՝ աշխատակարգային նիստերը ձևական հարցեր չեն քննարկում, այլ ըստ էության հարցեր:
«Այստեղ թյուրընկալում կա աշխատակարգային նիստերի վերաբերյալ: Ըստ էության, խորհրդակցական սենյակում կայացվում է միայն մեկ որոշում՝ վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը կամ հակասում է: ՍԴ-ի մնացած բոլոր որոշումները կայացվում են աշխատակարգային նիստերի ժամանակ, այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական դրույթի օրենքի մեկնաբանությունները»,- պարզաբանեց նա:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց բանախոսին՝ նկատելով, ինչու են ընդդիմադիրները մեկ տարի շարունակ իշխանության կողմից քննարկվող գրեթե յուրաքանչյուր օրինագծի նկատմամբ հայտնում հակասահմանադրականության կասկած, սակայն 1 տարում ընդդիմադիրների 1/5-ն ընդամենը երկու անգամ է դիմել ՍԴ:
«Ինչո՞ւ են հայտարարում և ինչո՞ւ չեն դիմում»,- հարց ուղղեց Վարդանյանը:
Ի պատասխան՝ Առաքելյանը նկատեց, որ ինքը չէ հարցի հասցեատերը:
«Ընդդիմությունն ինձանից լավ կպատասխանի»,- խոսքը եզրափակեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը: