Վստահեցնում եմ ձեզ՝ այսօր դատական համակարգն անկախ է: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
«Վստահեցնում եմ ձեզ, որ դատավորների վրա որևէ ներգործություն գործադիրը չունի, և դատավորի որևէ որոշման հետ կապված, եթե որևէ քաղաքացի ունի դժգոհություն, կա օրենքով սահմանված ընթացակարգ, կարող եք դիմել արդարադատության նախարարին կամ էթիկայի հանձնաժողով և ապացուցել, որ դատավորը գործել է օրենքին հակառակ: Եթե դատավորը գործել է օրենքով, բայց ոչ ձեր ճաշակով ու ոչ ձեր կարծիքով՝ օբյեկտիվ, սա այլ հարց է: Օրենքը տալիս է դատավորին հենց իր ներքին համոզմամբ որոշումներ կայացնել»,- ասաց արդարադատության նախարարը՝ ի պատասխան հնչող մեղադրանքների, թե իրականացվում է ընտրովի արդարադատություն:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք նախարարի մոտ հարցեր չի՞ առաջացնում այն, որ հիմնական ընդդիմադիր գործիչների նկատմամբ է կալանքը ընտրվում որպես խափանման միջոց, Մինասյանը պատասխանեց՝ ակնհայտ փաստարկված հիմնավորվում է, որ դատարանները կալանավորում են նաև գործող փոխքաղաքապետների, գործող փոխնախարարների:
«Այսինքն՝ դատարանը գործում է օբյեկտիվ: Մենք այսօր տեսնում ենք մի գործընթաց, որը երբևէ չենք տեսել: Դատարանին մեղադրել այս կամ այն իշխանական կամ ոչ իշխանական որոշումներ կայացնելու մեջ, իմ կարծիքով, արդար չէ»,- ընդգծեց նախարարը:
Լրագրողները հարց ուղղեցին նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ կապված, նշեցին՝ տուժողը հայտարարել է, թե չի հասկանում՝ ինչո՛ւ է դատարանի դահլիճում:
«Բազմաթիվ կոռուպցիոն գործերով, բազմաթիվ այլ քրեական հանցագործությունների շրջանակներում պաշտպանվող կողմը կարող է օգտագործել տարբեր պաշտպանական գործիքակազմ: Դրանցից մեկն է այսպես ասած՝ ներկայացնել որպես քաղաքական դրդապատճառներով հարուցված վարույթ, որի հետ մարդիկ կարող են համաձայնել: Ես անձամբ համաձայն չեմ, քանի որ տեսնում եմ օբյեկտիվ վարույթներ, որտեղ քրեական վարույթ իրականացնող իրավապահ մեր գործընկերների համար բացարձակ կապ չունի՝ այդ մարդը ո՛ր քաղաքական բլոկից է: Պետք է հասնենք նրան և գնում ենք այդ ուղղությամբ, որ երբ մարդը կատարում է հանցագործություն, պետք է պատժվի՝ անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական փաթեթավորում է դրան տալիս»,- նշեց Գրիգոր Մինասյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք ԱԺ ամբիոնից վարչապետի հայտարարությունները ընդդիմադիրների նկատմամբ ճնշում չե՞ն նրանց նկատմամբ, նախարարը նկատեց՝ ինքը 2018-ից հետո տեսնում է մի երկիր, որտեղ մարդիկ հանգիստ կարող են քաղաքական հայտարարություններ անել:
«Իմ կարծիքով՝ որևէ քաղաքական գործիչ այսօր Հայաստանում չի կարող մտահոգվել իր նկատմամբ բռնությամբ, որովհետև ինքը գիտի, որ եթե հանկարծ նման մտահոգություն ունենա, շատ հանգիստ կարող է դիմել իրավապահներին, կամ եթե կա այստեղ վիրավորանք կամ զրպարտություն, հայցի շրջանակներում պաշտպանել իր իրավունքները, և նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները մեր երկրում այսօր դատարանի որոշմամբ սանկցիայի են ենթարկվում, և այս մասով ունենք շատ օբյեկտիվ արդարադատություն: Մեզ ժառանգվել է բավական խարխլված արդարադատություն, բայց այսօր մեր քաղաքականության և ռազմավարական նպատակների շնորհիվ գնում ենք ճիշտ ուղղությամբ»,- հավելեց նախարարը՝ չժխտելով, որ խնդիրներ կան, սական գործընթացը գնում է դեպի առողջացում:
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանության ճիշտ քաղաքականության շնորհիվ է, որ բազմաթիվ ոլորտներում ունենք առողջացում:
«Հավատում եմ, որ մեր իշխանությունը գործում է անկաշառ և օբյեկտիվ, բայց նաև հավատում եմ, որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք դեռ չենք կարողացել լուծել»,- եզրափակեց խոսքը Մինասյանը: