Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմի մոտ հարգանքի տուրք կմատուցվի երաժշտի հիշատակին: Այնուհետև Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա նորացված մշտական ցուցադրության բացումը։ Համերգային ծրագրով հանդես կգա «Մեղեդի» լարային քառյակը։
Միջոցառումները կշարունակվեն նոյեմբերի 2-ին Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում. ժամը 13:00-ին կոմպոզիտորի կիսանդրու մոտ նախատեսվում է պատանի սպենդիարյանականների երդման ամենամյա արարողությունը: Հաջորդիվ՝ դպրոցի ճեմասրահում կբացվի «Մեր Սպենդիարյանը» ժամանակավոր ցուցադրությունը: Միջոցառումը կեզրափակվի համերգով՝ դպրոցի սաների մասնակցությամբ։
Միջոցառումներին կմասնակցեն անվանի երաժիշտներ ու մտավորականներ, Ա. Սպենդիարյանի արվեստի երկրպագուներ: