«Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծախսային ծրագրի բյուջետային հայտը 2024 թվականին կազմել է 7,2 մլդ դրամ, որը 1,5 տոկոսով ավելի է 2023 թ. հաստատված բյուջեից: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը՝ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2024-ի բյուջեով օրենսդիր մարմնի համար նախատեսված ֆինանսական հատկացումները:
«Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման համար նախատեսված է 6,1 մլն դրամ, աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար՝ 1,3 մլն դրամ, Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման գծով՝ 50,6 մլն դրամ, միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների գծով՝ 123,9 մլն դրամ, «Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառման համար նախատեսվում է հատկացնել 520,7 մլն դրամ: Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավմանը կուղղվի 175,7 մլն դրամ, որը 38 տոկոսով ավելի է 2023 թվականի բյուջետային հատկացումից, իսկ շենքային պայմանների բարելավմանը կտրամադրվի 191,5 մլն դրամ:
Առաքելյանի խոսքով՝ 2024-ի բյուջետային հայտում «Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման ֆինանսավորման աճը պայմանավորված է տեխնիկական սարքավորումների արդիականացման անհրաժեշտությամբ: ԱԺ շենքերի, էլեկտրական հաղորդագծերի ցանցի, հեռախոսային, ինտերնետ արտաքին հեռախոսակապի նորոգման անհրաժեշտություն կա, ցանցն արդիականացման կարիք ունի, և հատկացումները կուղղվեն այդ խնդրի կարգավորմանը:
Զեկուցվել է՝ 2024-ին Հայաստանում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումը, որի համար ևս գումար է հատկացվել:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրերի շարունակության և ԱԺ-ի կողմից համաֆինանսավորման խնդրով:
Դավիթ Առաքելյանը պարզաբանել է, որ ՄԱԶԾ գործընկերների հետ այդ մասով այժմ քննարկումներ են ընթանում: Նրա խոսքով՝ ՄԱԶԾ-ի հետ այս պահին, ի թիվս այլ միջոցառումների, իրականացվում է ԱԺ պաշտոնական կայքը վերափոխելու ծրագիրը, որի արդյունքում այն կդառնա ավելի ժամանակակից և ներառական: