Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին նամակ է ուղարկվել Xana Gardens Ltd.-ին, տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021-ի հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Տ. Աղան աբեղա Գոգչյանը:
Ըստ համաձայնագրի՝ տարածքը, որը սահմանակից է Հին քաղաքի հուդայական թաղամասին, 99 տարով վարձակալության էր տրվել մի իսրայելցու ընկերության, որն էլ նախատեսել էր այնտեղ հյուրանոց կառուցել: Սակայն համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ գործարքն օրինական չէ, քանի որ վարձակալության իրավունքը կարող է տրամադրվել առավելագույնը 49 տարով: Վարձակալության գործարքում ներգրավված Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը կարգալույծ է հռչակվել: Կատարվածի հետ կապված՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ հատուկ զրույցներ են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Որոշ ժամանակ անց Պատրիարքությունը հայտարարել է, որ գործարքն օրինական չէ, և Պատրիարքարանն աշխատում է չեղարկման ուղղությամբ: