Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների նոր՝ 12-րդ փաթեթ է պատրաստել, որը նախատեսում է Ռուսաստանին զրկել երրորդ երկրների միջոցով անհրաժեշտ բաղադրիչներին, տեխնոլոգիաներին և էլեկտրոնիկային հասանելիությունից, ինչպես նաև երրորդ երկրների հետ պայմանագրերում ներդնել վերարտահանման արգելքը: Այդ մասին իմացել է Bloomberg-ը։
Գործակալության համաձայն՝ Եվրոպայի նոր սահմանափակումները «կհարվածեն Ռուսաստանի հետ առևտրին մոտ 5,3 միլիարդ դոլարով»: ԵՄ-ն ձգտում է ավելի շատ ապրանքներ ավելացնել առկա տարանցման արգելքին և պատժամիջոցների ցուցակում ներառել երրորդ երկրների այն ընկերություններին, որոնց նկատմամբ պետությունները չեն կարողանում խիստ միջոցներ կիրառել:
Առաջարկվող միջոցառումների շարքը ներառում է եռակցման սարքավորումների, քիմիական նյութերի և այլ տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև վերամշակված մետաղների, շինարարական ապրանքների, տրանսպորտային ապրանքների և ադամանդների ներմուծման սահմանափակումներ։
Նոր պատժամիջոցները կվերաբերեն Ռուսաստանից ավելի քան 100 մարդու և 40 իրավաբանական անձի։
Մոսկվան պատժամիջոցների նոր փաթեթն անարդյունավետ է համարել: