Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Չինաստանի խոշորագույն տնտեսական կենտրոն համարվող Ցինդաոյի (Qingdao) քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ շինարարության, ադամանդագործության, տեխնոլոգիական տրանսֆերների, ՏՏ և այլ ուղղություններով։
Ներկայացնելով Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը, այդ թվում՝ արդյունաբերական պարկերի ստեղծման և Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագծերը, Վահան Քերոբյանն առաջարկել է չինական ընկերություններին դիտարկել այդ ծրագրերում ներգրավվելու հնարավորությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի իրականացմանը։