Ֆրանսիայի նախագահը մեկնել է Ղազախստան, հանդիպել այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Էմանուել Մակրոնը ողջունել է Աստանային՝ ռուս-ուկրաինական պատերազմում Մոսկվային չաջակցելու համար: Ելիսեյան պալատի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան և Ղազախստանը նախատեսում են զարգացնել երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ բիզնես ոլորտում: Տոկաևն էլ ընդգծել է, որ Մակրոնի այցը կարելի է պատմական որակել: «Փարիզը Ղազախստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է Եվրամիությունում, ինչպես նաև Ղազախստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկն է», - շեշտել է նա։
Ղազախստանից հետո Մակրոնը կմեկնի Ուզբեկստան:
Reuters գործակալությունը գրում է, որ նավթով հարուստ Ղազախստանն արդեն գործակցում է եվրոպական երկրների հետ՝ որպես հում նավթի մատակարար, և Չինաստան-Եվրոպա առևտրային նոր երթուղու կարևոր օղակ է: Ղազախստանը նաև ուրանի խոշոր արտահանող է:
Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքն ակտիվացնում է հարաբերությունները նախկին ԽՍՀՄ երկրների հետ և փորձում շեղել Ռուսաստանի «հարևաններին, ընկերներին և դաշնակիցներին»։
Միջազգային իրադարձությունների այլ մանրամասներ՝ տեսաշարում: