ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում բացել է իր գլխամասային գրասենյակը: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության, հույս հայտնել, որ միասին կկարողանան նպաստել այդ նպատակի իրականացմանը։
Մարկուս Ռիտերն ընդգծել է, որ առաքելության գործունեության 8 ամիսների ընթացքում դրան միացել է Եվրամիության 24 երկիր՝ գործուղելով 93 դիտորդի: Գրասենյակի բացման արարողության ընթացքում դիտորդական առաքելության ղեկավարը հայտնել է, որ այս պահին իրենք կարողանում են դիտորդություն իրականացնել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:
«Սահմանային իրավիճակը շատ հանգիստ է, մեր դիտորդները, որոնք ամեն օր շրջում են, չեն արձանագրել լարվածության աճ: Ակնհայտ է, որ հանգիստ շրջան է: Մենք ունենք վեց գրասենյակ ՀՀ-ում, մեր դիտորդները շրջում են ոչ միայն սահմանային գոտում, այլև դրան մոտ գտնվող համայնքներում ու բնակավայրերում, որոնք հակամարտության ազդեցությունն իրենց վրա են զգում: Կարող եմ ասել, որ դիտորդներին 1/3-ը գնում է սահման, իսկ 2/3-ը՝ համայնքներ: Դիտորդական առաքելության մանդատի ընդլայնման և դիտորդների թվի մեծացման հարցը պետք է քննարկվի Բրյուսելում այս տարեվերջին, մենք սպասում են արդյունքներին»,- ասել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: