Թուրքիայի խորհրդարանը չի արագացնի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի դիմումի քննարկումը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ընդամենը մեկն է այն միջազգային պայմանագրերից, որոնք Թուրքիան նախատեսում է վավերացնել։
«Մենք դա կքննարկենք, երբ ժամանակը գա... մեր իսկ առաջնահերթությունների շրջանակում... Այն, ինչ հրատապ է ուրիշների համար, պարտադիր չէ, որ մեզ համար էլ հրատապ լինի»,- հավելել է Օքթայը։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաստատման դեպքում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը քվեարկության կդրվի խորհրդարանում։ Եթե պատգամավորներն աջակցեն նախաձեռնությանը, վավերացման վերջնական քայլը կլինի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությունը։