Հանրային միջավայրը պետք է իրազեկված լինի երեխաների իրավունքներից, բայց այդ իրավունքները պետք է պաշտպանված լինեն՝ անկախ ծնողի բողոքի առկայությունից: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով երեխաների նկատմամբ կիրառված բուլինգի դեպքերին, որոնց մասին երեխաները սովորաբար տանը լռում են, կամ ծնողները թույլ չեն տալիս, որ խնդիրը ճիշտ ուղղվածությամբ լուծվի:
«Կարևոր է ուշադրություն դարձնել ՀՀ-ում առկա մի քանի երևույթներին, դրանցից մեկը բուլինգի երևույթն է, որը շատ տարածված է հանրակրթական հաստատություններում, նույնիսկ չենք պատկերացնում դրա ծավալները:
Կա՛մ այսօր, կա՛մ այս շաբաթվա ընթացքում Պաշտպանի արտահերթ զեկույցով ես ինքս հանդես կգամ՝ բուլինգ երևույթի հետ կապված, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր գործընկերների հետ համատեղ, նրանց աջակցությամբ ենք իրականացրել:
Մեր բացահայտած ոչ միայն տեղեկատվությունը, այլև ընդհանուր իրավիճակը հուշում է, որ պետությունը, չնայած ձեռնարկված քայլերին, չունի մեթոդաբանական կամ համակարգային լուծում այս խնդրի ուղղությամբ»,- ասաց Մանասյանը և հավելեց, որ խնդիրը լուրջ է և պետք է հասցեավորվի:
«Սա կարևոր է նաև բռնի տեղահանված անձանց պաշտպանության տեսանկյունից, որովհետև նրանք երեխաներ են, որոնք ինչ-որ առանձնահատկություններով տարբերվում են մյուսներից: Օրինակ՝ կարող են ունենալ այլ խոսելաոճ, այլ մենթալիտետ, մշակութային այլ առանձնահատկություններ, որոնք շատ բնական են տարբեր հանրային միջավայրերում»,- ասաց ՀՀ օմբուդսմենը՝ հույս հայտնելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ երևույթը կհաղթահարվի: