ՀՀ-ում 2023 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1088 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 606 դեպք: Բացահայտված դեպքերի աճը կազմել է 482 դեպք կամ 79,5 տոկոս: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
9 ամիսների տվյալների համաձայն՝ կոմիտեում քննվել են 1498 քրեական վարույթներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 861 վարույթի դիմաց, այսինքն՝ վարույթում եղած գործերն ավելացել են 637-ով կամ 74 տոկոսով:
2023-ի ընթացքում կոմիտեում քաղաքացիներից ստացվել է 1903 դիմում-բողոք, իսկ ընդհանուր առմամբ ստացվել է 2950 հաղորդում:
«Իրավական վիճակագրության հանրահայտ կանոնն է, որ հանցավորության վիճակը գնահատելիս կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճը պետք է դիտարկել որպես դրական երևույթ: Այսինքն՝ տվյալ դեպքում մենք ունենք ոչ թե կոռուպցիոն դեպքերի իրական աճ, այլ ունենք կոռուպցիոն դեպքերի բացահայտման աճ, որը հենց համարում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ցուցանիշ»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 286 անձի վերաբերյալ 134 քրեական վարույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 166 անձի վերաբերյալ 68 վարույթ:
«Այսինքն՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա 9 ամիսների համեմատ ավելացել է 66-ով կամ 97 տոկոսով, իսկ դատի տրված անձանց թիվը` 120-ով կամ 72 տոկոսով»,- ասաց նա:
Ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով կարճվել է 25 վարույթ 122 անձի նկատմամբ: Նախորդ տարի կարճվել էր 11 վարույթ 45 անձի նկատմամբ: