Երբ «Մարտի 1»-ի գործով նյութերին ծանոթանաք, կհասկանաք, թե մենք ինչքան բարեխիղճ ենք աշխատել: Այդ մասին ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե խոստացել էր՝ «Մարտի 1»-ը բացահայտվելու է:
««Մարտի 1»-ը բացահայտել ենք։ Մեղադրական եզրակացությունը «Մարտի 1»-ի գործով արդեն հասանելի է։ Կարող եք վերցնել, նայել: Բոլոր մեր եզրահանգումները, ապացույցները, բոլորը շարադրված են։ Մեղադրանքներ են շարադրվել այդ գործով և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը խախտողներին: Պարզապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո կոռեկտ չէ՝ այլ կարծիք հայտնեմ։
Վերցրեք, մեղադրական եզրակացությունը կարդացեք և յուրաքանչյուրդ ունեցեք ձեր կարծիքը և՛ ձեռք բերված ապացույցների, և՛ այդ իրադարձությունների, և՛ 1000-ից ավելի պարկուճները կեղծելու վերաբերյալ, և՛ քրեական գործի նյութերը կեղծելու վերաբերյալ»,- ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։
Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը՝ Սասուն Խաչատրյանը պարզաբանեց. «Զարգացած ժողովրդավարական երկրներում և՛ արդարացման դատավճիռներ են լինում, և՛ արդարացման հիմքով քրեական հետապնդումների դադարեցումներ են լինում: Դա նորմալ երևույթ է»: