2024 թվականի բյուջետային հայտով ԲԴԽ՝ Դատական դեպարտամենտի կողմից ներկայացվել է շուրջ 23,3 միլիարդ դրամի ֆինանսավորման հայտ, սակայն նախագիծը հայտից պակաս է շուրջ 4,4 միլիարդ դրամով կամ 18,9 տոկոսով: Այդ մասին ԱԺ-ում 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման շրջանակում ասաց ԲԴԽ՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը:
«Հայտով նախատեսվում է դատավորների թվաքանակի ավելացում, սակայն 2023 թվականի ընթացքում դատական և իրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող օրենսդրական փոփոխությունների համատեքստում դատավորների թվաքանակի ավելացման հարցը հետաձգվել է, ինչով պայմանավորված՝ նախագիծը կազմվել է՝ առանց դատավորների հաստիքների ավելացման հարցի ներառման»,- ասաց նա:
Ըստ Նաիրի Գալստյանի՝ նախագծով նախատեսվել է նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության մասնագիտացված դատարանների դատավորների աշխատավարձի բարձրացում՝ 60 տոկոս հավելման տեսքով: 2024 թվականի համար որդեգրած քաղաքականության արդյունքում պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարումներ հոդվածով ԲԴԽ անդամների, վճռաբեկ, վերաքննիչ, Հակակոռուպցիոն, առաջին ատյանի և ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների համար միջոցներ չեն հատկացվել: Արդյունքում՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող գումարները նվազել են շուրջ 1,2 միլիարդ դրամով կամ 7,4 տոկոսով:
Նաիրի Գալստյանը, որպեսզի թյուրըմբռնում չլինի, պարզաբանեց 1,2 միլիարդ դրամով աշխատանքի վարձատրությանն ուղղված գումարների նվազման փաստը:
«Ոչ թե աշխատավարձերն են իջել դատավորների, այլ պլանավորվել էր, որ հաստիքներ ավելացնենք, սակայն այդ հաստիքները չավելացնելու արդյունքում 1,2 միլիարդ դրամով պակասել է: Բայց իրականում դատավորների աշխատավարձերը բարձրացել են»,- ասաց նա: