ՀՀ ՔԿՀ-ներում մոտ 1,5 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ են իրականացվել, արդյունքից գոհ չենք կարող լինել, որովհետև շատ անմխիթար վիճակում ժառանգություն է մեզ հասել: Այդ մասին ԱԺ-ում կազմակերպված՝ 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Ըստ նախարարի՝ այս մասով հնարավոր կլինի գոհունակություն հայտնել միայն այն դեպքում, եթե կառուցվի նոր բանտը, որը կլինի «պիլոտային բանտ» բոլոր մնացած ՔԿՀ-ների համար:
«Արդյունքները բավականին լավն են՝ կապված «Արմավիր» ՔԿՀ-ի հետ, որտեղ նորմալ, պատշաճ պայմաններ են ապահովվել, նաև օդափոխության համակարգ է տեղադրվել, որով, կարելի է ասել, որ առնվազն ունենք 1 բանտ, որը միջազգային ստանդարտներին համապատասխանում է»,- ասաց նա՝ նշելով, որ այժմ էլ որոշ խնդիրներ կան, բայց լուծման փուլում են:
Նաև մեծ շինարարական նախագիծ է սկսվել, և առնվազն կեսն ավարտված է «Աբովյան» ՔԿՀ-ում, որտեղ մեր քաղաքացիները, կանայք և անչափահասներն են կրում իրենց պատիժը:
«Այստեղ եթե որևէ խնդիր չծագի, կկարողանամ մյուս տարի ներկայացնելիս ասել, որ ունենք երկրորդ բանտը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Արդեն իսկ փոխվել են բոլոր կոյուղիները, սանհանգույցները նորմալ վիճակում են, բայց ամբողջը վերանորոգում ենք: Խորհրդային Միությունից մնացած 6 մասնաշենք կար, ու ամեն տեղ 20-30 տոկոսն էր հատկացված: Մենք մի քանի մասնաշենքն ազատել ենք ու ամբողջ ներդրումը դրել ենք հենց 3 մասնաշենքի վրա, որն ամբողջությամբ զրոյից կկահավորվի»,- ասաց նա:
Անդրադառնալով դատարանների շենքային պայմաններին՝ Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց, որ Գավառի դատարանի հետ կապված խնդիրներ են եղել, բայց բյուջեն կհամալրվի: Մոտ 450 միլիոն դրամ արդեն նախատեսվել է, և եթե որևէ խնդիր չծագի, աշխատանքները մյուս տարի կավարտվեն:
Ըստ Գրիգոր Մինասյանի՝ այս տարի դատարանների շենքերի ապահովման մասով առաջին լուրջ առաջընթացը, որ գրանցվել է, Հակակոռուպցիոն դատարանների շենքային պայմանների ամբողջական ապահովումն էր:
«Այս տարվա վերջ սպասում ենք լրիվ նոր, հիմնանորոգված շենքի բացում իրականացնենք, այն է՝ Հակակոռուպցիոն վերաքննիչի նոր շենքը, որը Արա Սարգսյան փողոցում է, և եթե դա էլ է ստացվում, նշանակում է Գարեգին Նժդեհի հասցեում գտնվող շենքը կգա մեր Պրոբացիայի ծառայությանը, որն այսօր շենքային պայմաններ չունի:
Հատկապես շատ վատ վիճակում են գտնվում մեր մարզային դատարանները, բայց մեր դոնորների հետ աշխատանքի արդյունքում իրականացնելու ենք հիմնանորոգումներ:
Բայց նաև ունենք վարչապետի կողմից հանձնարարական՝ ամբողջությամբ նոր ստանդարտներին համապատասխան դատարանների շենքերի կառուցում, որը հիմա Համաշխարհային բանկի հետ նախագծել ենք այդ մեծ ռեֆորմը, որը մի քանի տասնյակ միլիարդ դրամի է հասնում»,- ասաց նա և հավելեց, որ մինչև տարվա վերջ նախագիծը կներկայացվի Ներդրումային կոմիտե: