Հոկտեմբերի 31-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրման նամակն է հանձնել ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ֆեռնանդո Արիասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
«Պաշտոնական արարողության ավարտից հետո ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը և ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ֆեռնանդո Արիասը մտքեր են փոխանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Հայաստանի անդամակցության, կազմակերպության գործունեության, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման վերաբերյալ։
Երկուստեք ընդգծվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության նշանակալի դերը` որպես Քիմիական զենքի արգելման կոնվենցիան կիրարկող մարմին, որի համար 2013 թ․ կազմակերպությունն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի»,- ասված է հաղորդագրության մեջ։