Նախագահի աշխատակազմը 2024 թվականին 2 միջոցառումների և 1 ծրագրի իրականացման համար ներկայացրել է 1 միլիարդ 771 միլիոն 633 հազար դրամի բյուջետային հայտ՝ 2023 թվականի 1 միլիարդ 686 միլիոն 361 հազարի փոխարեն: Նախագահի աշխատակազմի բյուջետային հայտը Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման շրջանակում ներկայացնելիս ասաց հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը:
Ըստ նրա՝ հատկացման ավելացումը կապված է քաղծառայողների աշխատանքային ստաժով պայմանավորված աշխատավարձի՝ 3 միլիոն 234 հազար դրամով բնականոն աճի հետ, իսկ մյուսը՝ աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների և հեռահաղորդակցության համակարգի ձեռքբերման հետ, որի համար նախատեսվում է հատկացնել 82 միլիոն դրամ:
«Հին համակարգը շահագործվում է ավելի քան 25 տարի, տեխնիկապես և բարոյապես մաշված վիճակում է, աշխատում է անընդհատ խափանումներով, վերանորոգման ծախսերը բացարձակապես ոչ արդյունավետ կլինեն: Նոր ցանցային սարքավորումների և հեռահաղորդակցման համակարգի շնորհիվ կբարձրանա նախագահի աշխատակազմի գործունեության, ինչպես նաև պետական մարմինների ու քաղաքացիների, լրատվամիջոցների հետ փոխգործակցության որակն ու արդյունավետությունը»,- ասաց Խաչատուր Պողոսյանը: