Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետի աշխատակազմին 2024 թվականի բյուջեի նախագծով առաջարկվող 24 մլրդ 572 մլն դրամին՝ ընդգծելով՝ մի շարք մարմինների բյուջեները նախատեսվում են «վարչապետի աշխատակազմի տողով»:
«Կոպիտ ասած՝ իրենց հաշվապահությունը իրականացվում է վարչապետի աշխատակազմի կողմից, այդ թվում՝ տեսչական մարմիններ, Անվտանգության խորհրդի գրասենյակ, Քաղծառայության գրասենյակ, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ, Մարդու իրավունքների եվրոպական ներկայացուցչի գրասենյակ, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ վերոնշյալ գումարը նախատեսված է բոլոր մարմինների գործունեության ապահովման համար:
Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաների կճատմանը՝ նշեց՝ դա Կառավարության ստանձնած հանձնառությունն է, որը «քայլ առ քայլ առաջ է գնում»:
Վարչապետի աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թվաքանակի կրճատմանն անդրադառնալով՝ Արմենակ Խաչատրյանը նշեց՝ ներկայումս աշխատակազմն ունի 40 ավտոմեքենա, որոնց թվում են ավտոբուսներ, որոշ տրանսպորտային միջոցներ: Ինչ վերաբերում է վարչապետի ընտանիքի անդամների սպասարկմանը՝ նշեց, որ դա օրենքով նախատեսված է, ինչպես մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներինը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք ավելացե՞լ է ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոմեքենաների թիվը, տվեց բացասական պատասխան:
«Մենք հստակ սահմանափակել ենք ծառայողական ավտոմեքենաների օգտագործումը»,- նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել էր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին 2024 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է 24 մլրդ 572 մլն դրամ ծախս, որից 3,8 մլրդ դրամը կազմում են կապիտալ ծախսերը, իսկ ընթացիկ ծախսերը՝ 20 մլրդ 770 միլիոն դրամ: Սա 4,7 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համեմատ: