Վարչապետի աշխատակազմի՝ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերի նախագծով նախատեսվում է ընդհանուր առմամբ իրականացնել 24 միլիարդ 572 միլիոն դրամի ծախսեր 11 ծրագրերի և 51 միջոցառումների միջոցով: Այդ մասին 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը:
«Եթե համեմատենք 2023 թվականի հետ, ապա ընդհանուր աշխատակազմի կողմից իրականացված ծախսերը 2023 թվականին հաստատված ծրագրի նկատմամբ ավելի են 4,7 միլիարդ դրամով: Հիմնական ավելացումները կապված են պետական արդիականացման ծրագրի իրականացման հետ: Կապիտալ ծախսեր ունենք շուրջ 3 միլիարդ դրամի, որն ընդհանուր պետական կառավարման համակարգում սարքավորումների ձեռքբերման և ծրագրային ապահովումների համար է նախատեսված»,- ասաց նա:
Արմենակ Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ 11 ծրագրերից մեկը վերաբերում է միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացմանը, պաշտպանությանը, ինչպես նաև դրանց կողմից ընդունված վճիռների ու որոշումների կատարումն ապահովելուն:
Անդրադառնալով արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանության կատարման ապահովման համար նախատեսված բյուջեին՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ այս մասով 1,8 միլիարդից անցնում ենք 3,8 միլիարդ դրամի հատկացման, սա ինչի՞ հետևանք է: Եվ ո՞ր տարիների սխալ վճիռների համար է, որ ՀՀ քաղաքացիներն այս տարի պետք է վճարեն մոտ 4 միլիարդ դրամ կամ մոտ 10 միլիոն դոլար:
Խաչատրյանը պարզաբանեց, որ վերոնշյալ ծրագիրը 2 միջոցառումից է բաղկացած, և որ դրա գերակշիռ մասը վերաբերում է ՀՀ շահերի ներկայացմանը ու պաշտպանությանը:
«Մենք հենց այս միջոցառման գծով ավելի մեծ ավելացում ունենք, այսինքն՝ 1,8 միլիարդ դրամը վերաբերում է տարբեր արբիտրաժային դատարաններում, միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանությանը: Սա, ըստ էության, իրենից ենթադրում է որոշակի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում, այսինքն՝ 1,8 միլիարդով ավելացումը դրան է վերաբերում»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ վճիռների մասով համապատասխան փոխհատուցումների իրականացմանը, ապա, ըստ Խաչատրյանի, այս մասով ավելացումը 210 միլիոն դրամի չափով է 2023 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ:
«Այս տողը, իհարկե, մենք նախատեսում ենք արդեն ստացված վճիռներով ու դրանց ժամկետներով, բայց շատ հաճախ տարվա ընթացքում, եթե նոր վճիռներ են լինում, որոնց համար պետք է այդ տարի վճարել, ավելացնում ենք»,- ասաց Խաչատրյանը: