Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
ՀՀ վարչապետի աշխատակազմին 2024 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է 24 մլրդ 572 մլն դրամ ծախս, որից 3,8 մլրդ դրամը կազմում են կապիտալ ծախսերը, իսկ ընթացիկ ծախսերը՝ 20 մլրդ 770 միլիոն դրամ: Սա 4,7 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համեմատ: Վարչապետի աշխատակազմն իրականացնում է 11 ծրագիր և ունի 51 միջոցառումներ: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Նախագահի աշխատակազմի ծախսերը կազմում են 1 մլրդ 771 միլիոն դրամ, ինչը հիմնականում ապարատային ծախսեր են: Ընդամենը 85 միլիոն դրամ ունենք կապիտալ ծախսերի համար նախատեսված, և, ըստ էության, նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը կազմում է 85 միլիոն դրամ: Ունենք 1 ծրագիր և 2 միջոցառում»,- ավելացրեց նախարարը:
Ազգային ժողովի աշխատակազմին 2024 թ. բյուջեի նախագծով առաջարկվում է 7 մլրդ 262 միլիոն դրամ, Սահմանադրական դատարանի բյուջեն 2023-ի համեմատ պակասել է 11 մլն դրամով՝ կազմելով 844 մլն դրամ:
«ԲԴԽ-ի բյուջեն կազմում է 18 մլրդ 928 մլն դրամ, 2023-ի համեմատ ավելացումը կազմում է 2 մլրդ 242 մլն դրամ, նույնպես հիմնական մասն ընթացիկ ծախսերն են, իրականացվում է 1 ծրագիր՝ 25 միջոցառումներով, արդարադատության նախարարությանը նախագծով առաջարկվում է 23 մլրդ 156 մլն դրամ, ինչը 2 մլրդ 202 միլիոնով ավելի քիչ է, քան 2023-ին, կապիտալ ծախսերը կազմում են 462 միլիոն դրամ, ընթացիկ ծախսերը՝ 22 մլրդ 694 մլն դրամ, նախարարությունն իրականացնում է 7 ծրագիր և 24 միջոցառում»,- ասաց Հովհաննիսյանը «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս:
Ինչ վերաբերում է դատախազությանը, ապա 2024 թվականի բյուջեով առաջարկվում է 10 մլրդ 53 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա բյուջեից ավելի է 2 մլրդ 430 միլիոն դրամով, իրականացվում է 3 ծրագիր և 4 միջոցառում:
Պետական վերահսկողական ծառայության բյուջեն 2024 թվականի համար առաջարկվում է 956 մլն դրամ, որը 477 միլիոն դրամով ավելի քիչ է 2023-ի համեմատ:
Քննչական կոմիտեին 2024-ի բյուջեի նախագծով առաջարկվում է հատկացնել 17 մլրդ 462 միլիոն դրամ, որը 4 մլրդ 478 միլիոն դրամով ավելի է, քան 2023-ի բյուջեով նախատեսված է:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացնելու է 1 ծրագիր և 2 միջոցառում, բյուջեն 412 միլիոն դրամ է, որը 340 միլիոն դրամով ավելի պակաս է նախորդ տարվա բյուջեից:
Հակակոռուպցիոն կոմիտեի բյուջեն 2024 թվականի համար կկազմի 3 միլիարդ 695 միլիոն դրամ, ինչը 389 միլիոն դրամով ավելի է 2023-ի համեմատ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեն կկազմի 984 միլիոն դրամ, որը 425 միլիոն դրամով պակաս է 2023 թվականի համեմատ: