Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսության ոլորտում: Վարչապետն ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ առկա ներուժի իրացման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:
Պյոտր Սքվեչինսկին շեշտել է Լեհաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով և հավելել, որ գործունեության ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ ի նպաստ երկկողմ կապերի հետագա զարգացման:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-լեհական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ փոխգործակցության և այլ հարցերի շուրջ: