Հոկտեմբերի 31-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, խորհրդակցությանը մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատների պետերը։
Հանդիպման նպատակը եղել է աշխատանքային գործընթացների քննարկումը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են անցնող տարվա տասն ամսվա Փրկարար ծառայության գործունեության արդյունքները, ձեռքբերումները և խնդիրները։
2023 թվականի հաշվետու ժամանակահատվածում «911» ահազանգման կենտրոնում և ՄՓՎ ՃԿԿ-ներում գրանցվել է 1 437 071 զանգ։ 2022 թվականի 10 ամսվա համեմատությամբ զանգերի թվաքանակն աճել է 219 729-ով (18%-ով)։
Հանրապետությունում գրանցվել է 11594 արտակարգ դեպք, պատահար, որից փրկվել է 167 մարդ, զոհվել 422-ը (310-ը ՃՏՊ-ից, 32-ը՝ հրդեհից, 14-ը՝ ջրահեղձումից և այլն)։
ՀՀ-ում ջերմային ֆոնի բարձրացմամբ պայմանավորված՝ անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 847 խումբ, որից 706-ը ՓԾ ստորաբաժանումներից։ Ծառայության ստորաբաժանումների միջոցով իրազեկում է իրականացվել 6650 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում։
Խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի և մարզային փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին ընթացիկ աշխատանքների արդյունքները՝ հանձնարարականների կատարման ընթացքի, առաջացած հարցերի, ձեռնարկված միջոցառումների, կադրային, տեխնիկական զինվածության, շենք-շինությունների վիճակի բարելավման վերաբերյալ հարցերը:
Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարների զեկույցները լսելուց հետո ծառայության Տնօրենը տվեց համապատասխան հանձնարարականներ։
Կամո Ցուցուլյանը մատնանշեց տարբեր ստորաբաժանումներում գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները, հանձնարարեց դրանք վերացնել առավելագույնս սեղմ ժամկետներում և տվեց հստակ կարգադրություններ։
Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց համակարգված աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ, խստորեն հետևել ծառայության կարգուկանոնին, հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կագրապահության նկատմամբ՝ բացառելով խախտումները։
Ձմեռային սեզոնին ընդառաջ՝ փրկարար ծառայության ղեկավարը հանձնարարեց ուշադրության տակ պահել հանրապետության ավտոճանապարհները՝ հատկապես բարձր լեռնային տեղանքներում, նախապատրաստական աշխատանքներ տանել հրշեջ մեքենաների վերազինման, տեխնիկական ապահովման, քարշակման աշխատանքների պատշաճ կազմակերպման, անհրաժեշտության դեպքում հենակետերի ծավալման և այլ հարցերի վերաբերյալ։
Կ․Ցուցուլյանը կարևորեց ուսումնական հաստատություններում վարժանքների, վարքականոնների ուսուցանման շարունակականությունը, հանձնարարեց առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել հանրային իրազեկման ուղղությամբ։
Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենն ամփոփեց արդյունքները, տվեց մի շարք հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության և աշխատանքի արդյունավետության բարձրացման առնչությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների, Հոգեբանական աջակցության բաժնի և Բժշկական ապահովման վարչության ղեկավարներին արագ և օպերատիվ արձագանքման, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ տարվող աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպման համար՝ նշելով, որ լավագույն ծառայողները մշտապես արժանանալու են խրախուսանքի։