Ավարտվել է 2023 թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային ակցիաների մասնակից 33-ամյա տղամարդու կողմից ոստիկանի օրինական մասնագիտական գործունեությանը միջամտելու, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վաղարշապատ քաղաքի բնակիչը, 2023 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային հավաքին մասնակցելով, ծանոթացել է ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ։ Հաջորդ օրը, սեպտեմբերի 22-ին, առավոտյան նա նշված անձանց հետ գնացել է զանգվածային ակցիաների իրականացման հատված։ Երևան քաղաքի Ամիրյան 5 հասցեում գտնվելու ժամանակ, խմբի կազմում, իրավական ու բարոյական նորմերի, հասարակական բնականոն հարաբերությունների և տվյալ տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ դրսևորելով ակնհայտ արհամարհական վերաբերմունք, ձեռքով պոկել է հիշյալ հասցեում գործող համակարգչային ակումբի արտաքին պատին ամրացված տեսանկարահանող սարքերի էլեկտրական սնուցման լարերը:
Այնուհետև, երբ ահազանգով դեպքի վայր է մեկնել ոստիկանության ծառայողը և մոտեցել 33-ամյա տղամարդուն, վերջինս անմիջապես դիմել է փախուստի։
Չենթարկվելով իրեն հետապնդող ոստիկանության աշխատակցի՝ կանգ առնելու վերաբերյալ օրինական պահանջին, վերջինիս ծառայողական գործունեությունը խոչընդոտելու նպատակով, տղամարդը երկու ձեռքով հարվածել է ոստիկանի ծնոտին, ինչից հետո վրա է հասել խմբի անդամներից՝ դեռևս ինքնությունը չպարզված անհայտ անձը, ով նույնպես ձեռքով մեկ անգամ հարվածել է ոստիկանության ծառայողին՝ վերջինիս պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:
Պայմանավորված այն հանգամանքով, որ համակարգչային ակումբի տնօրենը բողոք չի ներկայացրել, իսկ նրան պատճառված վնասի չափը չի գերազանցել 500 հազար ՀՀ դրամը, Վաղարշապատի 33-ամյա բնակչին, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի միայն 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և դրան համակցված գրավով՝ 3,000,000 ՀՀ դրամի չափով։
Վարույթից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, 33-ամյա տղամարդու վերաբերյալ մեղադրական եզարակացութամբ, ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:
Խմբի մյուս՝ ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: