Ինչ է կատարվում բենզինի և դիզվառելիքի շուկայում: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հարցին անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա տեղեկացրեց, որ լայնածավալ ուսումնասիրություններ են կատարվում ոլորտում, որի արդյունքները գրեթե պատրաստ են և առաջիկայում կհրապարակվեն:
2022-ի հունվարից 2023-ի սեպտեմբեր ամբողջ տեղեկատվությունը վերլուծելով՝ պարզվել է, որ ՀՀ-ում գնային տատանումները գերազանցապես կապված են եղել ներմուծման ծավալների և գների հետ:
«Որովհետև 2022-ի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին, երբ բարձր գին է արձանագրվել, հետո նույն բանը տեղի է ունեցել 2023-ի վերջին ամիսներին: Որ նայում ենք ներմուծման ինքնարժեքները 1 լիտր/դոլար համամասնությամբ, գրեթե նույնական են, ընդ որում՝ դոլարի փոխարժեքը վերցնում ենք տվյալ օրվա դրությամբ՝ բիզնեսի կողմից ձեռք բերված դոլարի փոխարժեքը, ոչ թե ԿԲ-ի տված միջին գինը, այլ տվյալ պահին դոլարի ձեռքբերման արժեքը, և գումարում ենք ծախսեր: Մենք տեսնում էինք ծախսագրման հետ կապված մի փոքր խնդիր, որը հիմա փորձում ենք կարգավորել: Եվ մանրածախ գնի մարժաները, կարծում եմ, առնվազն բարձր լինելու տեսքով մտահոգիչ չեն: Պետք է մի բան կարողանանք ընդունել, որ եթե բորսայում գինը բարձր է, չի կարող ՀՀ-ում էժան լինել»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը:
Ըստ Գևորգյանի՝ մամուլում հաճախ են համեմատում ՀՀ-ում եղած դիզվառելիքի գինը մյուս երկրներում եղած գնի հետ: Հանձնաժողովի նախագահն ինքն էլ առաջարկում է այդ մասով Վրաստանի պաշտոնական տվյալները համեմատել Հայաստանի տվյալների հետ՝ համեմատության առարկա դարձնելով նույն այն բենզինը, որը գնվում է ՌԴ-ից:
«Համեմատեք Վրաստանի ու Հայաստանի մանրածախ գինը: Ընդ որում՝ խնդրում եմ՝ մի բան հաշվի առնեք, որ Հայաստանից Վրաստան գալու համար ՀՀ-ի տնտեսվարող սուբյեկտները վճարում են լուրջ գումարներ տեղափոխման, պահպանման և այլ բաների համար: Գումարած դրան՝ ՀՀ երկաթուղիները ևս ծախս են, որովհետև Այրումից տեղափոխում են Չարբախ, Չարբախից գնում են պահեստներ: Այդ բոլոր ծախսերը եկեք իրար հետ նստենք, հաշվենք և հասկանանք՝ արդյոք ՀՀ-ում բենզինի կամ դիզվառելիքի գինը թա՞նկ է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Բելառուսում, Իրանում կամ Ղազախստանում եղած գների հետ համեմատելուն, ապա Գեղամ Գևորգյանը դա անօգուտ աշխատանք է համարում, որովհետև, օրինակ, Ղազախստանն ունի բենզին և դիզվառելիք, այդ իսկ պատճառով դրանց գինը երկրում էժան է:
Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա, ըստ Գեղամ Գևորգյանի, Հայաստանի խնդիրը ոչ թե էժան կամ թանկ գին ապահովելն է, այլ արդար, մրցակցային գներ ապահովելը:
«2018-ից սկսած՝ շատ կարևոր պրոցես է տեղի ունենում, որ ՀՀ-ում էականորեն փոխվել է դերակատարների ծավալը այդ շուկայում: Սա ևս փաստ է, ու կարելի է հանգիստ ստուգել այդ փաստը, ու ամենակարևոր բանը՝ այդ պրոցեսը չի բերել առաջին և երկրորդ տեղի վերացման կամ դուրս գալուն շուկայից: Ուզում եմ ասել, որ եթե մենք արհեստական ճանապարհով ինչ-որ մեկին չենք հանում-մտցնում շուկայից, թողնում ենք, որ շուկան ինքը աշխատի: Դա նշանակում է, որ այն տնտեսվարողը, որը տարիների ընթացքում ստեղծել է իր տնտեսությունը, այսպես թե այնպես, մնում է շուկայում: Բայց, միևնույն ժամանակ, շուկայում առաջացել են նոր խաղացողներ»,- ասաց նա՝ նշելով, որ վերջիններիս մասնաբաժինների փոփոխությունն է հենց մրցակցության իմաստը:
Գեղամ Գևորգյանը միաժամանակ նշեց, որ չի հասկանում, թե ինչպես է բենզինի և դիզվառելիքի գինը Հայաստանում դարձել ինդիկատոր այն պարագայում, երբ ՀՀ-ում հեղուկ և ոչ հեղուկ գազի սպառումն ավելի մեծ է. «Կարծում եմ, որ որոշակի ուռճացման ֆենոմեն այստեղ կա»:
Ինչ վերաբերում է հեղուկ գազի շուկային և վերջինիս գնի բարձրացմանը, ապա այդ մասով տատանումները կապված են ՌԴ-ի շուկայում առկա տատանումների հետ: