Հյուսիս-հարավի հետ կապված դրականն այն է, որ մի շարք հատվածներում մենք վերջապես մտանք շինարարության փուլ. մասնավորապես կառուցված էին երկար տարիներ Արտաշատից Երևան և Երևանից Աշտարակ հատվածները, ընդ որում՝ Երևանի որոշ հատվածներում կան տարբեր դատական հարցեր, ինչի համար էլ աշխատանքները կա՛մ դանդաղ են առաջ գնում, կա՛մ առաջ չեն գնում. բայց կարծես դրանք էլ են առաջ գնում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Հիմա մենք շինարարական փուլ ենք մտել Աշտարակից Թալին հատվածում, որը բավական կարևոր հատված է. գործող փոխարինող ճանապարհը բավական ոլորաններ ունի, և հաճախ վթարներ են լինում, անհարմար է երթևեկել, մենք երկու շինարարական ընկերություններ ունենք, մեկն աշխատում է, մյուսն առաջիկայում շինարարաության մեջ կմտնի: Յուրաքանչյուրը 18 ամիս ժամկետ ունի այդ աշխատանքներն ավարտելու: Լանջիկից Գյումրի հատվածն այս տարի հիմնական մասը կավարտվի. կմնան ճանապարհի կահավորման կամ որոշ փոքր աշխատանքներ: Եթե եղանակները թույլ տան, ասֆալտապատումը գրեթե ամբողջությամբ կավարտվի, և մենք վերջապես սկսելու ենք հարավի առաջին՝ Ագարակից մինչև Քաջարան հատվածի շինարարությունը. մրցույթն անցկացրել ենք, հաղթող ընկերություն ունենք՝ իրանական, և պայմանագրում 24 թվականին շինաշխատանքներ կսկսվեն: Մենք տրամադրված ենք Հյուսիս-հարավն իրականացնել, մենք աշխատում ենք: Խնդիրը ֆինանսական չէ, խնդիրը տարբեր տեսակի քննարկումներն են, բարդություններն են, այլ հարցեր են. նախագծային, դոնորների հետ կապված որոշ հարցերում կան անհամաձայնություններ: Բայց Կառավարությունը տրամադրված է այդ աշխատանքներն անել»,- ասաց Սանոսյանը: