Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻԻՀ արհեստագործական ուսումնարանների ուսուցանողների վերապատրաստման կենտրոն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նախարար Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և պատվիրակության մյուս անդամները, կառույցի տնօրեն Մեհրդատ Ազիմիի ուղեկցությամբ, շրջայց են կատարել հաստատությունում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, քննարկել այս ուղղությամբ փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, տեղայնացման հնարավորությունները։
Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներին ու առաջնահերթություններին՝ նախարարը նշել է, որ ԻԻՀ հետ համագործակցությունը մեծապես կարևորվում է նաև միջին մասնագիտական ու արհեստագործական ուղղություններով։ Նարեկ Մկրտչյանը շեշտել է, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցության զարգացման մեծ ներուժ կա և վստահություն հայտնել, որ այն կօգտագործվի հիմնովին։
Մեհրդատ Ազիմին ամփոփ ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները։ Վերջինիս խոսքով՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների մատուցման, ինչպես նաև արվեստի ու մշակույթի ոլորտներում հիմնական աշխատանքները տարվում են տարբեր չափորոշիչների մշակման և զարգացման ուղղությամբ ու հայկական կողմին առաջարկել համատեղել ջանքերը նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում համապատասխան մասնագետների վերապատրաստման, համակարգի աշխատակիցների և դասընթացավարների կարողությունների գնահատման ուղղությամբ։ Այս համատեքստում դիտարկվել է նաև Սյունիքում միջին մասնագիտական ու արհեստագործական կենտրոնի հիմնման հնարավորությունը (ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ), ինչը նաև կնպաստի երկու երկրների միջև փորձի փոխանակման ու համատեղ վերապատրաստումների իրականացմանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան աշխատանքային խումբ ձևավորել՝ հարցի քննարկման և հուշագրի ստորագրման նպատակով։